հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրեցու մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ երբեք չի կորել. նախագահ

Գյումրեցու մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ երբեք չի կորել. նախագահ

«Երբ վարչապետ դարձա, թեեւ շատ երիտասարդ էի, բայց նաեւ շատ փորձ ունեի եւ շատ բան էի տեսել։ Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել եւ վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին»,- այս մասին այսօր Գյումրիում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա հավելեց. «Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց եւ իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած՝ դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը եւ սերը շատ ավելի մեծ դարձան ինձ համար, եւ երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ եւ մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ»:

Ըստ նախագահի՝ եկել է ժամանակը, որ բոլորս միասին վերականգնենք հոյակապ քաղաք Գյումրին, Սպիտակը, Վանաձորը եւ կյանք ու ուրախություն բերենք նորից:

«Երեկ ես բախտ ունեցա մեր երիտասարդ գյումրեցիներին լսելու եւ ուղղակի ամբողջ հոգով ուրախանալու։ Դուք ունեք այն, ինչ ունեցել եք՝ այն մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ, որով միշտ Գյումրին հայտնի է եղել։ Այն երբեք չի կորել»,-ասաց Սարգսյանը։

  • Կիսվել: