հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու համար իշխանությունը պատաստ է համակարգեր փլուզել. փաստաբան

Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու համար իշխանությունը պատաստ է համակարգեր փլուզել. փաստաբան

Իշխանության վերին օղակներին, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանին պետք է, որպեսզի երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովը մնա կալանքի տակ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը արձանագրել է Խաչատուրովին կալանքի տակ պահելու խախտումները:

Նրա խոսքով՝ Խաչատուրովին կալանքի տակ պահելու ցանկությունն այնքան մեծ էր, որ նույն ընթացակարգերով ու խախտումներով առաջին ատյանի դատարանը որոշել է նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել:

«Նոյեմբերին լրանում է այդ գործի վաղեմության ժամկետը: Երբ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Դավիթ Գալստյանի կալանքը անօրինական է եղել վաղեմության ժամկետով պայմանավորված, ապա այդ հանգամանքն էլ է Խաչատուրովին ներկայացվել: Բայց այդ հանգամանքները շրջանցելով դատավոր Արամ Գրիգորյանը որոշել է, որ Խաչատուրովը մինչեւ նոյեմբերի 15-ը մնա կալանքի տակ: Դատական նիստերը նշանակվել են սեպտեմբերի 6-ից սկսած՝ 2 շաբաթը մեկ ռեժիմով, այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր դատական նիստ չի լինելու: Մենք նոյեմբերի 15-ը ունենալու ենք ընդամենը 6 դատական նիստ, որի ընթացքում այս ծավալի քրեական գործը որեւիցե պարագայում հնարավոր չի լինելու օրինական ուժի մեջ մտած դատավճիռ ակնկալել: Այս պայմաններում Խաչատուրովին պահում են կալանքի տակ՝ քաղաքական իշխանության ու վերին օղակների քաղաքական հրահանգների պատճառով: Ե՛վ քննիչները, եւ՛ դատավորները այս գործով մեզ փորձում են հասցնել այն, որ խնդրում են իրենց նկատմամբ լինել ներողամիտ, բայց հրահանգը վերեւից է: Նրանք գիտակցում են՝ ինչ են կատարում, գիտակցում են, որ բացի տոտալ անօրինականությունից, այդ թվում՝ փորձում են որոշակի ողնաշարեր կոտրել»,- ասաց Պողոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե նույնիսկ քրեական գործն իրական լիներ, ապա Խաչատուրովը չպետք է մեղադրվեր փողերի լվացման մեջ.

«Ինչպե՞ս էր ստացվում, որ օրինակ՝ 2018-ին Խաչատուրովների ընտանիքի գույքային ստուգումներ է իրականացրել ԱԱԾ-ն Մարտի 1-ի գործի շրջանակներում: Հստակ զեկույցում նշված է, թե ով ինչ գույքերի է տիրապետում: Ո՞նց եղավ, որ 2019-ի սկիզբ ԱԱԾ-ն այդ մեծ ծավալի աշխատանքը կատարեց ու չհայտնաբերեց որպես Գրիգորի Խաչատուրովինը, բայց երբ քաղաքական իշխանությանը պետք էր, որ նա մնա կալանքի տակ այս աբսուրդ գործով, այդ ժամանակ ասացին, որ Խաչատուրովն է ձեռք բերել այս գործը: Իմ գնահատմամբ՝ իշխանության վերին օղակներին, Նիկոլ Փաշինյանին պետք է, որպեսզի Գրիգորի Խաչատուրովը մնա կալանքի տակ, որովհետեւ Հայաստանի անունից որոշակի հայտարարություններ կամ փաստաթղթեր ստորագրելու հետ կապված Խաչատուրովին Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես դիմադրության օղակ: Որովհետւեւ Խաչատուրովին կալանքի տակ պահելու իրավական հիմնավորվածություն գոյություն չունի: Վստահ ենք, որ ճնշումներն անասելի են, որովհետեւ նրան կալանքի տակ պահելու հետ կապված իշխանությունը համակարգեր է պատրաստ փլուզել»:

Հիշեցնենք, որ վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)

Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ),իսկ ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով)։

Մեղադրանք է ներկայացվել նաեւ «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ փաստաթղթի կեղծում) եւ եւս 9 անձի:

  • Կիսվել: