կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանների աշխատակիցները պարգևատրվել են

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանների աշխատակիցները պարգևատրվել են

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության անունից մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և կարևորել գրադարանների և գրադարանավարների անգնահատելի դերակատարումը հանրության կյանքում:

Նախարարի տեղակալը խոսել է նաև ոլորտում առկա մարտահրավերների մասին՝ մատնանշելով արդի տեխնոլոգիաների ներդրման, նորարարական մոտեցումների անհրաժեշտությունը: Նա վստահություն է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչները հմտությունների զարգացման և բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ հաղթահարում են նաև այդ խնդիրները:

Ալֆրեդ Քոչարյանի ընդգծմամբ՝ պետությունը անչափ կարևորում է գրադարանային ոլորտի առաջխաղացումը և դրա լավարկման նպատակով պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել գրադարանների սերվերների ձեռքբերման համար, որոնց միջոցով կապահովվեն գրադարանների անվտանգ և սահուն աշխատանքները:

Նախարարի տեղակալը մաղթել է ոլորտի մասնագետներին կենսական մեծ ուժ և հաջողություններ:

  • Կիսվել: