շաբաթ, օգոստոս 15
15 / 8 / 2026
Գործընկերների հետ կարող ենք կերտել նոր ուղի, որտեղ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերը կուժեղացնեն միմյանց. ՇՄ նախարար

Գործընկերների հետ կարող ենք կերտել նոր ուղի, որտեղ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերը կուժեղացնեն միմյանց. ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում ընթացող «Կոնկորդիա» 15-րդ տարեկան գագաթնաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Գործադիր խորհրդատվական շարք․ Կլիմա և կենսաբազմազանության պահպանում» խորագրով քննարկմանը։ 
 
«Քննարկումն ընդգրկում էր կլիմայական փոփոխությունների և կենսաբազմազանության պահպանության հրատապ խնդիրները՝ համաշխարհային օրակարգի համատեքստում։
 
Բարձր մակարդակի այս քննարկմանը հանդես եկա Կոլումբիայի նախկին նախագահ Իվան Դուկեի և Կլիմայի համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Յենս Նիլսենի հետ։ Իմ ելույթում շեշտեցի, որ բնության մեջ ներդրումների մասին խոսելիս չպետք է այն դիտարկենք որպես ծախս․ բնությունը ինքն է մեր ամենաթանկ կապիտալը։
 
Ներկայացրի Հայաստանի ձեռնարկած քայլերը․դեգրադացված հողերի վերականգնման, անտառածածկույթի ընդլայնման և կլիմայամետ գյուղատնտեսության խթանման համատեքստում։ Դրանք առանձին ծրագրեր չեն, այլ միահյուսված են մեր համապարփակ ազգային ռազմավարությանը։
 
Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձա նաև 2026 թվականին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի՝ COP17 համաժողովին։
 
Հայաստանը նպատակ ունի շարունակել Կոլումբիայի կազմակերպած COP16-ի հաջողությունները՝ բնության պահպանության ֆինանսավորման, տեղական համայնքների և բնիկ ժողովուրդների ներառման ու հաշվետվողականության ամրապնդման ուղղություններով։ Մեր նպատակն է ապահովել, որ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերը դիտարկվեն միասնական՝ որպես փոխկապակցված և փոխադարձաբար միմյանց ուժեղացնող գործընթացներ։
 
Մենք COP17-ը տեսնում ենք ոչ միայն որպես պաշտոնական համաժողով, այլ որպես համաշխարհային իրադարձություն, երբ միջազգային հանրությունը կարող է վերահաստատել իր հանձնառությունները և դրանք վերածել իրական արդյունքների։
 
Հայաստանը պատրաստ է զարգացնել համապարփակ քաղաքականություն՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանը և կլիմայական փոփոխությունների հաղթահարմանը։ Բայց մենք միայնակ չենք կարող հաջողել․ համագործակցությունն այս ամենի բանալին է։ Միասին, գործընկերների հետ, մենք կարող ենք կերտել նոր ուղի, որտեղ կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերը կուժեղացնեն միմյանց, իսկ նպատակը կդառնա տևական ազդեցություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։
 

  • Կիսվել: