Գործարկվել է «Ակտիվ քաղաքացի» հավելվածը. երևանցիները այսուհետ կկարողանան առցանց ներկայացնել բողոքներն ու առաջարկները
Գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ որ հավելվածն արդեն գործարկվել է. «Այս պահին հնարավորություն է տալիս ահազանգել գտնվելու վայրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն և կցելով ձայնային հաղորդագրություն, լուսանկար ու տեսանյութ»։
Գրիգորյանի խոսքով՝ հավելվածը ևս մեկ խողովակ է, թեժ գծին զուգահեռ, քաղաքապետարանին խնդրի մասին հայտնելու:
«Նույն գործընթացն է անցնում և քաղաքացին այս եղանակով էլ խնդրի մասին հայտնելու դեպքում ևս կստանա հաղորդագրություն իր դիմումի ընթացքի վերաբերյալ»,- ասաց Գրիգորյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի հավելվածում բոլորը կարող են խնդիրների մասին հայտնել քաղաքապետարանին։
«Շատ հարմար հավելված է, մեզ արագ խնդրի մասին տեղեկացնելու: Հարթակը և հավելվածը դառնալու է քաղաքապետարանի ծառայությունների մատուցման կենտրոնական հավելվածը, որի միջոցով բացի նրանից, որ քաղաքացիներից պետք է ստանանք խնդիրներ մասին հայտեր, քաղաքացիները պետք է ունենան հնրավորություններ իրականացնել իրենց վճարումները: Քաղաքապետարանի հետ շփման միասնական հարթակ պետք է լինի այս հավելվածը, և մեր խնդիրն է աշխատանքներն անել հնարավորինս արագ, բայց իհարկե դրա հետ համատեղ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, մարդկանց նույնականացման ստանդարտ կանոնները»,- ասաց Ավինյանը։