ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

«Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ Եվրոպական միության շրջանակում, և՛ առանձին ձևաչափով։ Ուրախ կլինեմ, եթե մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք նոր ոլորտներում նոր հարաբերություններ հաստատել»,-նշել է նախարարը։

Դեսպան Սխերմերսը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում։

Հանդիպման օրակարգային հարցերից է եղել կառավարության առաջնահերթությունների շրջանակում երկկողմ համագործակցության նոր ուղղությունների քննարկումը։

ՏԿԵ նախարարը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ոլորտներ է դիտարկել տրանսպորտը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը, կարևորել է համայնքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ առաջնահերթությունների սահմանման համար ուղենիշային համարելով Կառավարության 2021-2026 թթ․ հնգամյա ծրագիրը։

Գնել Սանոսյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել նախարարության նախաձեռնությունների մասին՝ անդրադարձ կատարելով երթուղային միասնական ցանցի ստեղծման, շինարարության, էներգետիկայի բնագավառներում նախատեսվող միջազգային մրցույթների, ՏԻՄ ոլորտում բարեփոխումների մասին։ ՏԿԵ նախարարը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում նաև Եվրամիության կողմից հատկացված 2.6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցչի՝ այդ օժանդակության համար։

Նախարարը ողջունելի է համար վերոնշյալ ծրագրերում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը՝ թե ներդրումային, թե խորհրդատվության ձևաչափով։

Դեսպան Սխերմերսն իր հերթին նշել է, որ ներկայում ակտիվ համագործակցություն կա խոշորացված համայնքներում համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերում, ինչը շարունակական կլինի՝ հավելելով, որ նման բարեփոխում Նիդերլանդներում նույնպես իրականացվում է։

Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել խորացնել հսմագործակցությունը կառավարության համար առաջնահերթ ուղղություններով՝ նշելով, որ որքան իրականացվող ծրագրերը փոխկապակցված լինեն, այնքան արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն»,- նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: