շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գիտելիքներն օգնելու են ձեզ հաջողությունների հասնելու ճանապարհին. Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

Գիտելիքներն օգնելու են ձեզ հաջողությունների հասնելու ճանապարհին. Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին

ՀՀ դպրոցներում այսօր տեղի է ունեցել ուսումնական տարվա վերջին դասը. հնչել է վերջին զանգը: Հիշարժան օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանի և Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ավարտական միջոցառումներին։

Ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը։

Նախարարի տեղակալն ուսումնառության ավարտի առթիվ շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություններ, ձեռքբերումներ և նպատակների իրականացում:

«Դուք ոտք եք դնում ավելի մեծ կյանք, որտեղ մարտահրավերներն ավելի շատ են, խնդիրներն ու դրանցով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը՝ ավելի մեծ: Վստահ եմ, որ դպրոցում ձեռք բերած կարողություններն ու գիտելիքներն օգնելու են ձեզ հաջողությունների հասնելու ճանապարհին: Ձեզնից շատերն արդեն հավանաբար կայացրել են իրենց կյանքի կարևոր որոշումներից մեկը և ընտրել են ապագա մասնագիտությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ ավարտական և բուհական ընդունելության քննություններում հաջողություն մաղթելով շրջանավարտներին։

Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին և ծնողներին՝ շեշտելով, որ շրջանավարտների ներկա և ապագա հաջողություններում նրանք կարևոր դերակատարներ են:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նույնպես շնորհավորել է շրջանավարտներին՝ մաղթելով նպատակների իրականացում: Սրբուհի Գևորգյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին՝ իրենց առաքելությունը լավագույնս իրագործելու, իսկ ծնողներին՝ զավակների կրթության և դաստիարակության գործը Մանկավարժական համալսարանի վարժարանին վստահելու համար:

Մանկավարժական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը, որը նաև հենակետային վարժարանի երկարամյա տնօրենն է, շնորհավորելով վարժարանի այս տարվա 29-րդ շրջանավարտներին՝ նշել է, որ հզոր սերունդ է կրթվել իրենց կրթօջախում։

«Համատեղ մենք կարողացանք դժվարին պայմաններում մեծ պատասխանատվությամբ, զգոնությամբ, աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Վստահ եմ, որ ձեր աշխատանքով և ներդրումով դառնալու եք մեր երկրի հզորացման և ամրապնդման գործի հուսալի մասնակիցը»,- ասել է Նաիրա Սաֆարյանն ու բարի երթ մաղթել ՀՀ, Արցախի ու Ջավախքի բոլոր շրջանավարտներին։

Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցի ավարտական միջոցառումն անցկացվել է Կամերային երաժշտության տանը:

Ավարտական միջոցառումների ընթացքում ընթացքում հնչել են Արցախյան 44- օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված երգեր։ Շրջանավարտները երախտիքի ու սիրո խոսքեր են ասել ուսուցիչներին, դպրոցին, ընկերներին։

Նշենք, որ Գ․ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցն այս տարի այս տարի ունի 7, իսկ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանը՝ 6 ավարտական դասարաններ։

  • Կիսվել: