ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ղրղզստանի նախագահն առաջարկում է ԵԱՏՄ աշխատանքային միգրանտների համար սահմանել պարզեցված ընթացակարգ

Ղրղզստանի նախագահն առաջարկում է ԵԱՏՄ աշխատանքային միգրանտների համար սահմանել պարզեցված ընթացակարգ

Եվրասիական տնտեսական միության կազմում բարենպաստ պայմաններ ստեղծելու համար կարևոր է, որ անդամ երկրների աշխատանքային միգրանտները պարզեցված ընթացակարգով իրացնեն իրենց աշխատանքային իրավունքները միության յուրաքանչյուր երկրում։ Այս մասին այսօր Մոսկվայում ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ասաց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:

Նա առաջարկեց աշխատանքային միգրացիայի համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով լրացնել հեռակա կարգով։

Ժապարովը նաև նշեց. ՛՛Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս անհամեմատ պարզեցնել մեր քաղաքացիների կողմից ադմինիստրատիվ գործընթացները։ Պետք է քաղաքացիներին հնարավորություն տալ այլ պետություններում աշխատանքի տեղավորվելու էլեկտրոնային տարբերակով, այդ թվում՝ գտնվելով իրենց երկրներում։ Որպես առաջին քայլ՝ առաջարկում եմ ճանաչել աշխատանքային միգրանտի՝ ելքի երկրներում ստացած բուժզննության արդյունքները, ինչպես արվում էր քովիդի ժամանակ։ Պետք է ընդամենն ընդլայնել դրա մեխանիզմներն ու կիրառել՛՛։

Նա նաև առաջարկեց ԵԱՏՄ երկրներին տրամադրել տրանսպորտային միջանցքներ առանց ծովային ելքի։ Ըստ Ժապարովի՝ տրանսպորտային այդ միջանցքների հասանելիությունը պետք է ունենան մասնակից այն երկրները, որոնք դեպի ծով ելք չունեն։

 

  • Կիսվել: