կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
«gg ընկերության հետ կապված պետական մարմինների քայլերը շատ բացասական են ընդունվել գործարար համայնքի կողմից»․ Հայտարարություն

«gg ընկերության հետ կապված պետական մարմինների քայլերը շատ բացասական են ընդունվել գործարար համայնքի կողմից»․ Հայտարարություն

«Մանթաշյանց» գործարարների միության հայտարարությունը․

««Մանթաշյանց» գործարարների միությունը մտահոգություն է հայտնում gg ընկերության շուրջ տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ: Մեր ակումբը մշտապես աջակցել է Հայաստանի  տարբեր ոլորտներում բիզնես գործունեություն ծավալելուն, ներդրումներ անելուն, նոր նախագծեր սկսելուն։ Այս համատեքստում ստիպված ենք փաստել, որ gg ընկերության շուրջ տեղի ունեցող գործընթացներն ազդակ են տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունների համար առ այն, որ արդյունավետ տնտեսական գործունեություն ծավալելը կապված չէ միայն բիզնեսի իրականացման ընթացքում համապատասխան օրենսդրական սկզբունքների պահպանության հետ։  Այս հանգամանքը, բնականաբար, բացասաբար է ազդելու տնտեսական ոլորտի զարգացման, ընկերությունների գործունեության ու ապագա ծրագրերի վրա:

gg  ընկերության հետ կապված պետական մարմինների գործած քայլերը շատ բացասական են ընդունվել գործարար համայնքի կողմից։ Ընդ որում, թե՛ տեղական գործարարները, և թե՛ տարբեր երկրներում գործունեություն ծավալող մեր այլ գործընկերները հարցականի տակ են դնում Հայաստանում առհասարակ բիզնես գործունեություն ծավալելու արդյունավետությունը։

Խոսքը վերաբերում է տնտեսական ազատություններին և ազատ ու ուժեղ պետություն կառուցելու հիմնարար ու անքննելի արժեքներին։ Բիզնեսի նկատմամբ քննչական մարմինների նմանատիպ գործողությունները կարող են ընկալվել որպես ճնշում և բիզնեսների հիմնադիրների խոսքի ազատության սահմանափակում՝ իր բոլոր բացասական հետևանքներով:

Վերոնշյալից ելնելով՝ համապատասխան պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել բիզնես միջավայրի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը»։

  • Կիսվել: