կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը

Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել է Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ նախարարությունում գործընկերների հետ ևս մեկ անգամ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ծառայության մասին» օրենքի նախագիծը։
 
Ինչպես տեղեկացնում են ՇՄՆ-ից՝ քննարկմանը մասնակցել են Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը, նախարարության Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը, ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ազգային համակարգող Արման Վերմիշյանը։
 
Անտառային կոմիտեի գլխավոր քարտուղարը գործընկերներին է ներկայացրել նախագծով նախատեսվող փոփոխությունները։
 
Ներկայումս անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացվում է պահպանություն իրակացնող աշխատակիցների միջոցով, որոնք ունեն ցածր սոցիալական պաշտպանվածություն, տեխնիկական սակավ հագեցվածություն և լիազորություններ (ծառայողական զենք կրելու իրավունք), աշխատում են աշխատանքային օրենսգրքով սահմանված հնգօրյա և 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով (09։00-18։00-ը), ունեն տեխնիկական ցածր զինվածություն, ինչի արդյունքում հնարավոր չի լինում լիարժեք ապահովել տարածքների պատշաճ պահպանությունը:
 
Վերլուծության արդյունքներով պարզ է դառնում, որ իրավախախտները, օգտվելով վերոնշյալ օրենսդրական կարգավորումներից, անտառխախտումները հիմնականում իրականացնում են ոչ աշխատանքային օրերին և ժամերին։
 
Ներկայիս Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ անտառների պահպանությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող անտառային պետական ծառայությունը: Միևնույն ժամանակ, Անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ անտառային պետական ծառայության գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ամբողջությամբ վերանայել օրենսդրական կարգավորումները և ապահովել միասնական մոտեցում անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցում։
 
Ուստի նախատեսվում է ստեղծել շրջակա միջավայրի պահպանության ծառայություն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ների պահպանության իրականացմամբ։

  • Կիսվել: