շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գերիների ծնողները հիշեցրին որդուն գերիների հետ փոխանակելու Փաշինյանի «խոստումը»․ Քրիստոնյայի անվան տակ, սատանայի գավազանը ձեռքին, թող չմոլորեցնի ժողովրդին

Գերիների ծնողները հիշեցրին որդուն գերիների հետ փոխանակելու Փաշինյանի «խոստումը»․ Քրիստոնյայի անվան տակ, սատանայի գավազանը ձեռքին, թող չմոլորեցնի ժողովրդին

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, որոնք նախօրեին բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ, փակել էին Հանրապետության հրապարակին հարակից փողոցները, վաղ առավոտից բողոքի ակցիան շարունակում են Ազգային ժողովի շենքի մոտ։

Նրանց պահանջը նույնն է՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է գա և պատասխան տա իր աղմկահարույց հայտարարության համար, որում գերիներին դասալիք էր անվանել։ 

«Մեզ փորձում են վախեցնել, որ մեր բոյկոտը, մեր ըմբոստությունը տեսնում է թշնամին և ուրախանում է։ Մենք թշնամուն ուզում ենք հասկացնել՝ մեր մեջ նժդեհներ կան։ Եթե մեր ներքին թուրքն անում է թրքահաճո քաղաքականություն, ձեր թելադրանքով անում է որոշակի քայլեր, հաստատ վստահ եղեք՝ մեր տղամարդիկ, մեր կանայք, մեր ամբողջ ազգը կանգնելու է և՛ Արցախի վերադարձի, և՛ Արևմտյան Հայաստանի վերադարձի համար։ Մենք՝ սգացող ծնողներս, ունենք արժանապատվություն և կանգնելու ենք մինչև վերջ։ Մենք պահանջատեր ենք», -ասաց ակցիային մասնակցող ծնողներից մեկը։

Ազգային հերոս, արցախյան ազատամարտի մասնակից Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, որը խմբակցության այլ պատգամավորների հետ անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների կողքին էր, հայտնեց՝ իրենք դիմել են իշխող մեծամասնությանը, որպեսզի նրանք հրապարակավ ասեն՝ ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանի հայտարարությունն իրենց քաղաքական թիմի պաշտոնակա՞ն դիրքորոշումն է, թե՞ ոչ։

«Պատասխանի բացակայության դեպքում բոլորս հակված ենք նրան, որ, այո, սա իրենց պաշտոնական դիրքորոշումն է, իրենք կարծում են, որ գերիների հարց գոյություն չունի», - ասաց Ասպրամ Կրպեյանը։

Գերիների ծնողները շեշտեցին, որ ազգի անունից հանդես եկող իշխանության ներկայացուցիչները պետք է հենց ազգի շահերն էլ ներկայացնեն։

«Անընդհատ կրկնում են՝ 53 տոկոսը ձայն է տվել։ Մնացած 47 տոկոսին ի՞նչ պետք է անեք․ գնդակահարե՞ք, թե՞ գերի հանձնեք։ Դուք Ազգային ժողովում ներկայացնում եք ազգը։ Ձեր մեսիջներում, խոսակցություններում անընդհատ շեշտում եք այդ 53 տոկոսը, բայց տարանջատում եք՝ «սևեր», «սպիտակներ»․․․ Մեր հստակ պահանջն է՝ դուրս գալ ժողովրդի առաջ և տալ բացատրություն։ Ու մի քիչ տղամարդ գտնվել, ասել՝ ներեք, սխալ եմ եղել», - ասացին նրանք։

Ծնողները նշեցին նաև, որ իրենց գերեվարված զավակներին դասալիք անվանելուց առաջ նույն իշխանությունները պարտավոր են նրանց վերադարձնել ու տեղում հետաքննություն անցկացնել՝ պարզելու գերեվարման ընթացքում եղած հանգամանքները։ Նրանք ընդգծեցին նաև, որ ժամանակին Փաշինյանը պատրաստակամ էր իր որդուն գերիների հետ փոխանակել։

«Քրիստոնյայի անվան տակ սատանայի գավազանը ձեռքին թող չխաբի, չմոլորեցնի ժողովրդին», - ասաց բողոքի ակցիային մասնակցող ծնողներից մեկը։

Խորհրդարանի մուտքի մոտ նրանց բողոքը շարունակվում է։

  • Կիսվել: