շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գերեզմանատան հարակից տարածքում հաշիվներ են պարզել

Գերեզմանատան հարակից տարածքում հաշիվներ են պարզել

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում  կատարված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երեւանի բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել  է քրոջ ամուսնու հետ:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ այնուհետեւ պարզաբանումներ ստանալու նպատակով վերջիններս դուրս են եկել տնից, եւ յուրաքանչյուրն իր ավտոմեքենայով ուղեւորվել է դեպի Երեւան քաղաքի Կենտրոնական գերեզմանատան հարակից տարածք, որտեղ նրանց միջեւ խոսակցությունը կրկին վերածվել է վիճաբանության, որի ընթացքում տղամարդն իր մոտ եղած դանակով դիտավորությամբ հարվածել է իր քրոջ ամուսնու կրծքավանդակի աջ կողմի ստորին հատվածին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո նստելով իր՝ «Մերսեդս բենց C240» մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի:

2020թ. հունվարի 4 -ին որոշում է կայացվել՝ Երեւանի բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:

2020թ. հունվարի 10-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:

Նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Միեւնույն ժամանակ դատարանը թույլատրելի է համարել նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

Նախաքննությունն ավարտվել է:

 

  • Կիսվել: