Georgian Airways-ը չեղարկում է Երևանով Մոսկվա տարանցիկ թռիչքները
Վրաստանի ազգային ավիափոխադրողը՝ Georgian Airways-ը, չեղարկել է Երևանով Թբիլիսիից Մոսկվա տարանցիկ թռիչքները։ Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով ավիաընկերությանը։ Մայիսի 16-ից վրացական այս ավիաընկերությունը Մոսկվա ուղիղ թռիչքների տոմսերի վաճառք էր սկսել։
«Այո, մայիսի 20-ից հետո մենք չեղարկել ենք տրանզիտ բոլոր թռիչքները»,- հայտարարել է վրացական ավիափոխադրողի ներկայացուցիչը։ Ընկերությունում նշել են, որ դեռևս չեն որոշել՝ արդյոք վերադարձնելու են առավել ուշ ժամկետների համար ձեռք բերված տոմսերի գումարը։
Georgian Airways-ից հայտնել են, որ այժմ կոմերցիոն բաժանմունքը լուծում է հայկական Air Dilijans ավիաընկերության կողմից վաճառված տոմսերի հարցը՝ Երևանով տարանցիկ չվերթների համար։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի առանց վիզային ռեժիմ սահմանելու մասին։ Մեկ այլ հրամանագրով էլ Պուտինը հանել էր Ռուսաստանից Վրաստան օդային փոխադրումների արգելքը, որը գործում էր 2019 թվականի հունիսից։


