կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետը աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին շնորհավորել է ծննդյան 100-ամյակի առթիվ

Գեղարքունիքի մարզպետը աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին շնորհավորել է ծննդյան 100-ամյակի առթիվ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունվարի 8-ին այցելել և շնորհավորել է աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ: Մարզպետին ուղեկցել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:

Սարիբեկ Արշակյանը տոնական բարձր տրամադրությամբ է դիմավորել հյուրերին։ Մեծ Հայրենականի դաժան ճանապարհով անցած վետերանը խոսել է պատերազմից մինչև վիրավորում իր անցած ճանապարհի մասին, ցուցադրել ստացած և մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները:

Պատերազմի ավարտից հետո, ինչպես զրույցի ընթացքում նշել է Սարիբեկ Արշակյանը, նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում՝ մեծ ներդրում և աշխատանքային ավանդ ունենալով գյուղատնտեսության բնագավառում:

100-ամյա հոբելյարն ամենուրեք գրանցել է աշխատանքային հաջողություններ։ Իրեն բախտավոր մարդ է համարում Սարիբեկ պապը, քանի որ շարունակում է վայելել շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը։ Նա կարդում է, հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, այցելում հարևաններին, մեկ-մեկ էլ ոգելից խմիչք է օգտագործում: Սարիբեկ Արշակյանը 8 տարի առաջ կորցրել է 88-ամյա տիկնոջը: Հիացմունքով է խոսում իր 5 զավակների և 65 թոռների ու ծոռների մասին, հպարտանում Աստղաձորում, Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում ունեցած իր հարազատներով:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորել են հոբելյարին՝ Ամանորի և ծննդյան 100-ամյակի առթիվ և նվերներ փոխանցել՝ մաղթելով նրան առողջություն և երկար տարիների կյանք:
Դիտումների քանակ10

  • Կիսվել: