հինգշաբթի, հոկտեմբեր 29
29 / 10 / 2026
Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Լեռնագործների փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել 25-ամյա երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կիսամոխրացած կանեփանման զանգվածով կաթուցիչ։

Գեղարքունիքի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Միցուբիշի» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Բաժնում վարորդն իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչներ։

Հերթական դեպքում, դարձյալ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացնելիս, Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 27-ամյա մի երիտասարդի։ Վարորդը մեքենայի սրահից իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ ու ծխամորճ։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: