ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գավառի մանկատունը նոր տնօրեն ունի․ 1985 թվականից հաստատությունը ղեկավարած Նիկոլայ Նալբանդյանը հեռացել է պաշտոնից․ «Հրապարակ»

Գավառի մանկատունը նոր տնօրեն ունի․ 1985 թվականից հաստատությունը ղեկավարած Նիկոլայ Նալբանդյանը հեռացել է պաշտոնից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «3-18 տարեկան երեխաների համար նախատեսված Գավառի մանկատան տնօրենը խորհրդային ժամանակներից Նիկոլայ Նալբանդյանն էր: Նա այս հաստատությունը ղեկավարել է 1985 թվականի նոյեմբերից: Կարելի է ասել՝ խորհրդային մանկավարժության ռահվիրաներից էր: Վերջերս Նիկոլայ Նալբանդյանը հրաժեշտ է տվել տնօրենի պաշտոնին: 

«65 տարեկանս լրանալու կապակցությամբ եմ հեռացել պաշտոնից: ՊՈԱԿ-ների օրենքով սահմանված է, որ տնօրենը չի կարող աշխատել 65-ից հետո»,- բացատրեց Նիկոլայ Նալբանդյանը: Նա այլեւս տնօրեն չէ, բայց չի լքել իր  հարազատ կոլեկտիվն ու երեխաներին: Հիմա զբաղեցնում է մանկատան փոխտնօրենի պաշտոնը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից էլ տեղեկացանք, որ այժմ ժամանակավոր տնօրեն է նշանակված Նաիրա Խանդանյանը՝ Գավառի մանկատան մեթոդիստ համակարգողը: 
 

Ինչպե՞ս եք ընտրել ժամանակավոր տնօրենին: Սոցապնախարարությունից պարզաբանում են. «Տնօրենի պարտականությունները դրվել է այն աշխատակցի վրա, ում գործունեությունը, աշխատանքային փորձառությունը, կրթությունը  համապատասխանում են տնօրենի պաշտոնի անձնագրով սահմանված չափորոշիչներին»: Թե որքան ժամանակ հաստատությունը կմնա առանց տնօրենի, նախարարությունում չգիտեն: 

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման)  ընդհանուր կարգը եւ չափորոշիչները սահմանելու մասին որոշումն ընդունվել է կառավարության ապրիլի 22-ի 539-Ն որոշմամբ։ Որոշման համաձայն՝ նախարարության կողմից արդեն մշակվում են համապատասխան մրցույթի հարցաշարերը, իրականացվում են ծրագրային ապահովման աշխատանքներ, որոնց ավարտման  փուլում ենք այս պահին։ Վերջնականացնելուց հետո, համապատասխան ընթացակարգերի համաձայն, կհայտարարվի մրցույթ»։ 

Մանկատանն էլ ուրախ են, որ մրցույթը սարերի հետեւում է: Նաիրա Խանդանյանը Գավառի մանկատանն աշխատել է մոտ 16-17 տարի, լավ գիտի խնդիրները, ամեն ինչից տեղյակ է: Բացի այդ՝ նախկին տնօրենը, որը զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, շարունակում է տնօրենի գործն անել, ուղղակի օրենքի պահանջով պայմանավորված՝ հիմա նրա պաշտոնն այլ կերպ է կոչվում։ Խանդանյանը նրա աշխատողն է եղել, եւ դե ֆակտո տնօրենը դեյուրե տնօրենի հետ ոչ մի խնդիր չունի։ «Դժվար մեզ մոտ դրսից մարդիկ գան, մրցույթի մասնակցեն, շատ սպեցիֆիկ ու ծանր աշխատանք է: Չգիտեմ: Ամեն դեպքում, կսպասենք մրցույթին»,- ասում է մանկատան աշխատակիցներից մեկը:

Գավառի մանկատունը ներկայումս 55 սան ունի: Բոլորը երկկողմանի ծնողազուրկ երեխաներ են կամ այնպիսիք, որոնց ծնողները դրսում են, գնալու տեղ չունեն եւ որոնց ծնողները եւս գնալու տեղ չունեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: