ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Գառնիի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ ու զինամթերք

Գառնիի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրանյութ ու զինամթերք

Փետրվարի 10-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Գառնիի բաժանմունքում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի մի բնակիչ տանը թմրանյութ է պահում:

Հարուցվում է քրեական գործ: Իսկ փետրվարի 13-ին Գառնիի նրա տանը և օժանդակ շինություններում խուզարկություն է կատարվում:

28-ամյա տանտերը, նախքան խուզարկությունը, ննջասենյակի պահարանից ներկայացնում է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող 18 գրամ զանգվածով, իսկ խորդանոցից՝ ինքնաձիգի 13 փամփուշտ, փամփուշտի 25 գնդակ ու նռնակի պայթուցիչ: Մարիխուանայի նմանվող զանգվածներ կային նաև գոմում` 62 գրամ, հացատանը` 390 գրամ։ 6 գրամ էլ մահճակալի ներքնակի տակ կար:

5 գրամ քաշով նմանատիպ զանգված հայտնաբերվեց նաև տան այլ հատվածում, ինչպես և կանեփի հատիկներ ու կաթուցիչ:

Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է իր հողատարածքում` անձնական օգտագործման համար, իսկ փամփուշտները բերել էր Արցախից:

Կատարվում է հետաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

  • Կիսվել: