երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գարեգին Երկրորդն ամերիկահայ երիտասարդներին պատգամել է անխաթար պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին

Գարեգին Երկրորդն ամերիկահայ երիտասարդներին պատգամել է անխաթար պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին

Հուլիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի տարբեր համայնքներից ուխտավորաբար Հայաստան եկած երիտասարդների՝ ուղեկցությամբ Քլիվլենդ քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հրաչ քահանա Սարգսյանի: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Հրաչը ներկայացրել է Մայր Աթոռ ժամանած երիտասարդներին՝ տեղեկացնելով, որ նրանց մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում։ Տեր Հայրն ուրախությամբ նկատել է, որ այցը Հայրենիք սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով ուխտավոր հայորդիներին, ուրախություն է հայտնել, որ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցելությամբ իրենց ուխտն են վերանորոգում՝ դառնալով նաև գոտեպնդման աղբյուր Հայաստանում բնակվող հայրենակիցների համար: Հայոց Հայրապետը համոզմունք է հայտնել, որ հայրենիքից ստացած տպավորությունները նոր ներշնչանքի աղբյուր կդառնան` առավել զորացած շարունակելու իրենց առաքելությունը ազգային կյանքում, վերադառնալու իրենց քաղաքները և իրենց համայնքների անդամներին խթանելու այցելել հայրենիք:

Նորին Սրբությունը հորդորել է ուխտավորներին հայրենիքի տեր ու զավակ նկատել իրենց՝ առավելագույնս հաղորդ դառնալով հայ իրականությանը և ստանձնելով իրենց պատասխանատվությունը նրա լուսավոր ապագայի կերտման գործում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամել է նաև անխաթար պահպանել իրենց ազգային ինքնությունն ու հավատարմությունը նախնյաց արժեքներին և գործուն կերպով ներգրավվել ազգային-եկեղեցական կյանքում:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով իր օրհնությունն է բաշխել ամերիկահայ երիտասարդներին:

  • Կիսվել: