կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը զորակցություն է հայտնում Սպիտակի երկրաշարժի ծանրությունը վերապրած հայրենակիցներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը զորակցություն է հայտնում Սպիտակի երկրաշարժի ծանրությունը վերապրած հայրենակիցներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ իր խորին զորակցությունն է հայտնել 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի դժոխային ծանրությունը վերապրած հայրենակիցներին։

Հայտարարության մեջ նշված է. «35 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն աղետներից մեկը՝ Սպիտակի երկրաշարժը։ Ուժգնությամբ և թողած հետևանքներով աննախադեպ այս բնական աղետի հետքը մինչ օրս չի մոռացվել հայ ժողովրդի հավաքական հիշողությունից։ Երկրաշարժը պատմականորեն զուգահեռվեց հայ ժողովրդի պատմության կարևոր այլ իրադարձությունների՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների համար սկսված շարժմանը և, հետևապես, այն հայատյաց ռեակցիային, որն արդեն սկիզբ էր առել խորհրդային Ադրբեջանում՝ ի դեմս 1988 թ․ սումգայիթյան ոճրագործությունների։ 1988 թ․ դեկտեմբերյան օրերը դժվարագույնն էին հայության համար, երբ կողք կողքի էին հայտնվել մի կողմից երկրաշարժից տուժած հազարավոր հայեր՝ անչափելի կորուստներով, մյուս կողմից հայաթափվող Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից հայրենազրկված ու բռնագաղթի ենթարկած հայության հոծ զանգվածներ։

Շնորհիվ համաշխարհային մարդասիրական օժանդակության և կամային բարձր հատկանիշներիէ հայ ժողովուրդը սկսեց տարեց տարի հաղթահարել երկրաշարժի հետևանքները, սակայն ադրբեջանական էթնոֆոբ ագրեսիայի ողջ ծանրությունը վերապրած գարդմանահայության, շիրվանահայության և նախիջևանահայության խնդիրները դեռ շարունակում են սպասել ցանկալի և արդարացի լուծումների՝ ակնկալելով միջազգային բարձր ներգրավվածություն և առկախված խնդիրների լուծման նկատմամբ բազմակողմ կառուցողական մոտեցում։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր խորին զորակցությունն է հայտնում 1988 թ․ Սպիտակի երկրաշարժի դժոխային ծանրությունը վերապրած մեր հայրենակիցներին և հույս հայտնում, որ ապագայում հնարավոր կլինի ամբողջապես հաղթահարել ինչպես բնական, այնպես էլ մարդածին աղետների հակամարդկային հետևանքները։ Մենք վստահ ենք, որ միայն համապատասխան կանխարգելիչ միջոցներով է հնարավոր կանխել այնպիսի մարդածին աղետների հավանականությունը, ինչպիսիք են էթնիկ զտումները, բռնագաղթները, էթնիկ և կրոնական խտրականության հիման վրա իրականացվող բոլոր հակամարդասիրական ու ցեղասպան գործողությունները»։

  • Կիսվել: