չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Առնուվիլում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցել է Առնուվիլում կազմակերպված՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց փարիզամերձ Առնուվիլ (Arnouville) քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառմանը, որը տեղի ունեցավ քաղաքի բանուկ հատվածներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանի և Հայոց ցեղասպանության զոհ դարձած, վերապրած և Հայոց ցեղասպանության հիշողությունը սերունդներին փոխանցած հայ կանանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի առջև, տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության օրհներգներից հետո հայտարարվեց լռության րոպե՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։

Ծաղկեպսակներ խոնարհեցին Վալ-դ’Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր Կառլոս Մարտենս Բիլոնգոն, Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, քաղաքային խորհրդի անդամները, Վալ-դ’Ուազ դեպարտամենտի խորհրդի անդամները, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները, տեղի հայ և ասորի համայնքային կառույցների ներկայացուցիչները։

Ելույթներով հանդես եկան Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Սարսելի փոխպրեֆեկտ Դոմինիկ Լըպիդին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը, համայնքային կառույցների անդամներ։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Առնուվիլի հայ առաքելական և կաթողիկե եկեղեցիների հոգևոր հովիվները, Ֆրանսիայի համար մարտնչած ռազմիկների ասոցիացիայի անդամները, հայ համայնքի ներկայացուցիչները, Հրանտ Դինքի անվան Առնուվիլի հայկական դպրոցի, Նուռ վարժարանի և Ֆրանսահայ կապույտ խաչի «Աստղիկ» մասնաճյուղի սաները, տեղի բնակիչները։

  • Կիսվել: