ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Ֆրանսիայի Բորդո (Bordeaux) քաղաքի կենտրոնում գտնվող հանրային զբոսայգում hունիսի 25-ին տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման արարողություն: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը ներկա էին Բորդոյի քաղաքապետ Պիեր Հյուրմիկը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Նոր Աքվիտանիա շրջանի պրեֆեկտի դիվանագիտական խորհրդականը, շրջանային, մարզային, Բորդո մետրոպոլի և քաղաքային իշխանությունների բարձրաստիճան  ներկայացուցիչներ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ներկայացուցիչը, ինչպես նաև տասնյակ ֆրանսահայեր Բորդոյից և շրջակա քաղաքներից:

ՀՀ Գլխավոր հյուպատոսն իր խոսքում շնորհակալության է հայտնել Բորդոյի քաղաքապետին ներկայության և քաղաքի հանրային այգում հայկական հուշարձանի տեղադրման թույլտվության, ինչպես նաև՝ Բորդո Աքվիտանիայի հայկական մշակութային միությանը՝ կարևոր նախաձեռնության համար:

Ներկայացնելով Արցախում ստեղծված աղետալի իրավիճակը՝ Գլխավոր հյուպատոսն ընդգծել է դրա առնչությունը Հայոց ցեղասպանության անպատժելիության փաստի հետ: Շեշտվել է, որ Ադրբեջանն Արցախի 120.000 հայ բնակչության նկատմամբ վարում է էթնիկ զտման քաղաքականություն, կոպտորեն ոտնահարում է իր միջազգային պարտավորությունները և շարունակաբար անտեսում Լաչինի միջանցքն անհապաղ բացելու վերաբերյալ միջազգային իրավասու կառույցների որոշումներն ու միջազգային հանրության կոչերը:

Կարևորելով Հայոց ցեղասպանության զոհերի, Արցախի համար նահատակված քաջորդիների և Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրումը՝ Նիկոլյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ճանաչման ու պետական օրացույցում ներառման, մշտապես Հայաստանի ու Արցախի կողքին լինելու համար և հիշատակել դիմադրության շարժման ակտիվ անդամ Միսակ Մանուշյանին Փարիզի Պանթեոնում ամփոփելու մասին Ֆրանսիայի նախագահի հունիսի 18-ին հրապարակված պատմական որոշումը՝ շեշտելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների արժեքների միասնությունը: 

  • Կիսվել: