Ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք՝ Փարիզում
Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի արձանի առջև, տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի հանդիսավոր արարողություն։
Միջոցառումը սկսվել է ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ են խոնարհել ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը և հանրային հաշիվների հարցերով լիազոր նախարար Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսելը, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահները։
Հաջորդիվ, ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես են եկել CCAF-ի համանախագահները, Փարիզի քաղաքապետ Հիդալգոն և ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը։
Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, քաղաքապետեր և դեսպաններ։
Պաշտոնական արարողության ավարտից հետո տեղի է ունեցել ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։


