ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուզում ենք՝ արգելողը իջնի և մեր հարցերին պատասխանի․ Ֆիրդուսի բնակիչները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Ուզում ենք՝ արգելողը իջնի և մեր հարցերին պատասխանի․ Ֆիրդուսի բնակիչները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Անցած շաբաթ` ապրիլի 14-ին Ֆիրդուսի բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչեւ ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:

Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը եւ բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:  

Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք պահանջում են հանդիպում վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ, որովհետեւ այն անձը, որը պետք է պատասխաներ իրենց հարցերին, չի կարողանում դա անել, իրեն արգելում են, որ իջնի ներքեւ. «Հիմա ուզում ենք, որ արգելողը իջնի ներքեւ եւ մեր հարցերին պատասխանի: Թող վարչապետը մեզ հետ հանդիպի: Նախկին բոլոր վարչապետները մեզ հետ հանդիպել են: Հովիկ Աբրահամյանը մեկ սենյականոցները համարյա բոլորինը տվել է, Սերժ Սարգսյանը որոշեց, որ տողում կառուցապատողից տուն պետք է տան բնակիչներին: Հիմա տեսնենք՝ Նիկոլ Փաշինյանն ինչ լուծումներ է մեզ առաջարկելու»,-ասաց նա:

Բնակիչներից Ռաֆայել Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ուզում են գերակա շահի տամ մարդկանց տեղահանեն: ԾԻԳ-ի ղեկավարը հայտարարել է, թե իբր 2020-2021 թվականների բնակիչներին առաջարկվել է 1700 դոլար մեկ քմ-ի դիմաց: Բոլորը կարող են ասել, որ ոչ մեկին նման բան չեն առաջարկել: 2018-ին ասացին, որ առաջարկում են 1200-1300 դոլար, եւ միայն այս տարվա ապրիլին եկած նամակներում նշված է 1700-1900 դոլար: Հիմա իրենք մեկ քմ-ն վաճառում են 5-7 հազար դոլարով: Աշխարհում շատ օվկիանոսներ կան, որտեղ ակուլաներ կան, բայց էս մեր Հայաստանի ակուլաները չափից դուրս շատ են: Կարող ա՞ մենք օվկիանոս ունենք, ես չգիտեմ: Չեն կարողանալու էսքան ժողովրդին տեղահան անեն: Թող լիրժեք գումար վճարեն, բոլորս էլ դուրս կգանք»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

  • Կիսվել: