ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք

Ֆեյքերի բանակ, ընտրություններ, պաշտոնյաների ունեցվածք

Մեր նախորդ հոդվածը 2021 թ․-ին ստուգված տեղեկությունների մասին էր։ Մանիպուլյացիաներն ու ստերը բացահայտելուց բացի, «Փաստերի ստուգման հարթակը» մի շարք հետաքննություններ և ուսումնասիրություններ է արել, որոնք կամփոփենք այս հոդվածում։ Այս մասին գրում է Fip.am-ը։ 

Համացանցում դեռ նախորդ տարեվերջից կարելի էր հանդիպել Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում իրականացվող վանդալիզմի ապացույցների՝ տեսանյութերով և լուսանկարներով։ Մենք ամբողջացրեցինք, թե որ մշակութային կառույցներն են մնացել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև ցույց տվեցինք, թե ինչպես են հայկական եկեղեցիները և հուշարձանները ներկայացվում իբրև աղվանական։ 

Անցնող տարում հայկական վիրտուալ տիրույթում քաղաքական ուժերի օգտին համակարգված քարոզչություն իրականացնող տասնյակ էջեր և կեղծ օգտահաշիվներ գտանք, ցույց տվեցինք նաև դրանց միջև կապն ապացուցող մի շարք ընդհանրություններ։ Վիրտուալ Հայաստանում ֆեյքերի ուղղորդված բանակներ ունեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյայը։ Կեղծ էջերի միջոցով հասարակական աջակցության պատրանք էր փորձում ստեղծել նաև Հանրապետական կուսակցությունը, սոցցանցերում ակտիվ գործունեություն էին ծավալում նաև մի շարք իշխանամերձ էջեր։

Իշխանության ներքին խոհանոցի, պաշտոնանկությունների, առաջիկայում կայանալիք իրադարձությունների մասին տեղեկություններ էր հաղորդում պատերազմից անմիջապես հետո բացված Mediaport տելեգրամյան ալիքը։ Դրան զուգահեռ, ալիքը պարբերաբար կեղծ լուրեր էր հաղորդում և, չնայած հերքումներին, դրանք հասցնում էին տարածվել ընթերցողների շրջանում։ Տելեգրամյան ալիքի ուսումնասիրության ու այլ աղբյուրների հետ համեմատությունների շնորհիվ բացահայտեցինք, որ այն ուղիղ կապ ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի հետ։

Facebook-ում, որտեղ ակտիվ են հայաստանյան քաղաքական ուժերը, հասարակական աջակցության պատրանք ստեղծելու գործիքներից մեկը հավանումներն ու կիսումներն են (like, share)։ Հավանումների քանակը մեծացնելու համար կարելի է դիմել վճարովի ծառայությունների։ Վերջերս սոցցանցերում քննարկվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումը, որը մեծ թվով հավանումներ էր ստացել օտարազգի օգտատերերի կողմից, ավելի ուշ ուշադրություն գրավեցին նաև Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տեսագրության հավանումների հեղինակները։ Ամիսներ առաջ պատկերավոր կերպով ցույց էինք տվել, թե ինչպես են իրականացվում «լայքերի գնումները»։

Ի դեպ՝ գնումների մասին։ Պետական գնումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Տավուշի մարզպետարանը տավուշցի Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո սկսեց պայմանագրեր կնքել նրա աներոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ բոլոր պայմանագրերը կնքվում էին առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ 

Անցնող տարում մի քանի հրապարակումներով անդրադարձել էինք նաև տարբեր քաղաքական գործիչների ունեցվածքին։ Խոսքը նրանց գույքի և եկամուտների մասին է, որի վերաբերյալ պարտավոր են հայտարարագիր ներկայացնել։ Ուսումնասիրել էինք խորհրդարան անցած ուժերի՝ հանրության շրջանում առավել հայտնի պատգամավորների հայտարարագրած գույքն ու եկամուտները՝ անդրադառնալով բոլոր՝ «Հայաստան»«Պատիվ ունեմ» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություններին։ Այստեղ հիշատակման են արժանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը«Քաղաքացիական պայմանագրից»՝ Գուրգեն Արսենյանի և Խաչատուր Սուքիասյանի ունեցվածքը։

Ի դեպ, մինչ այդ FIP.am-ը պարզել էր, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կտրուկ աճել են Գորիս համայնքի բնակիչներին համայնքապետարանից հատկացվող դրամական օգնությունները։

Տարեվերջին 36 խոշորացված համայնքներում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանց արդյունքները վկայեցին, որ իշխանությունների բազմակի խոստումները, թե ցանկացած պարագայում ժողովրդի ընտրությունն առաջնային է իրենց համար, այդքան էլ ճիշտ չեն։ Իշխող ուժը չէր կարողանում հաշտվել մի քանի համայնքներում կրած պարտության հետ և տարբեր մեթոդներով փորձում էր վիժեցնել համայնքային իշխանություն ձևավորելու գործընթացը։ Թերևս, ամենից ակնառուն Վանաձորի և Վարդենիսի համայնքի ղեկավարների ամենահավանական թեկնածուների ձերբակալություններն ու կալանավորումներն էին, ինչպես նաև Թալին խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունը։

Երբ իշխանությունը Սերժ Սարգսյանին մեղադրեց պետական բյուջեի փողերը վատնելու մեջ, մենք բացահայտեցինք, որ երրորդ նախագահն իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում 15 անգամ մեկնել է առողջարաններով, թանգարաններով ու խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն քաղաք։ Թե կոնկրետ ինչի՞ համար՝ դժվար է ասել, Սարգսյանի պնդմամբ՝ նա երբեք չի այցելել այդ քաղաքի որևէ խաղատուն։

 

  • Կիսվել: