չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան էզիդի տոնը

Եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան էզիդի տոնը

 Համերաշխություն, միասնություն. եզդիական համայնքը նշում է Կարմիր Սըլթան էզիդի տոնը։ Եզդի ժողովուրդը, պահպանելով սովորույթներն, ավանդույթներն ամեն տարի մեծ ոգևորությամբ նշում է  Կարմիր Սըլթան էզիդի տոնը, որի գլխավոր խորհուրդը միասնությունն ու համերաշխությունն է։ Հրավիրված ասուլիսում Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանը նշեց, որ ըստ ավանդույթի յուրաքանչյուր եզդի, ով գժտված է, այդ օրը պարտավոր է հաշտվել:

Նախատոնական շրջանը սկսվում է տոնից երեք օր առաջ, երբ եզդիները պահում են ծոմ, որը մաքրազերծվելու խորհուրդ ունի։ Երեք օր հետո՝ դեկտեմբերի 15-ին, նշվում է բուն Կարմիր Սըլթան էզիդի տոնը։ Այդ օրը՝ վաղ առավոտյան, եզդիները տոնական սեղանի շուրջ հավաքվում են, համտեսում են բազմազան ճաշատեսակներ և միմյանց հղում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։

«Եզդիներն այցելում են հոգևորականի տուն, որտեղ սուրբ մասունք է դրված լինում: Միմյանց շնորհավորում են ու օրհնություն ստանում: Օրհնանքի խոսքն այսպես է լինում՝ Սուրբ Եզիդը ձեզ բերի բարօրություն, ազնվություն, երջանկություն և բախտավորություն: Օրհնություն լինի հայոց աշխարհին, հայոց պետականությանը»,-նշեց շեյխ Բրո Հասանյանը:

Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանն ընդգծեց, որ Հայաստանում բավական բարենպաստ պայմաններ են ստեղծված ազգային փոքրամասնությունների համար՝ պահպանելու իրենց մշակույթն ու ավանդույթները: Նա ընդգծեց, որ այդ հարցում Հայաստանը միշտ է առանձնացել հատուկ վերաբերմունքով:

«Հայաստանում մենք չենք դժվարանում պահել մեր սովորույթները, ավանդույթները։ Հայերը եզդիների նկատմամբ բավական ուշադիր են։ Տոնական օրերին մեր բարեմաղթանքների առանցքում նաև հայ-եզդիական բարեկամության էլ ավելի ամրապնդումն է, երկրին՝ խաղաղությունն ու բարեկեցությունն է»,-ասաց շեյխ Բրո Հասանյանը։

  • Կիսվել: