երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Եվս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը. Արսեն Թորոսյան

Եվս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը. Արսեն Թորոսյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արդեն նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի բարձրացրած խնդրին՝ կապված հոգեբուժարանների հետ:

՛՛Մի քանի օր է, ինչ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու որ դրանք 2017թ.-ից այն կողմ չեն փոփոխվել:

Միայն այն, որ «զեկույցի» վերնագրում խոսվում է «հոգեբուժարանների» և ոչ թե հոգեկան առողջության պահպանման կենտրոնների մասին, ինչպես այդ բժշկական հաստատությունները կոչվում են արդեն մի քանի տարի է (վերջինը անվանափոխվել է իմ կողմից 2019 թվականին), խոսում է նրա մասին, որ կա հոգեկան առողջության պահպանման ոլորտի վերջին տարիների բարեփոխումները և դրական առաջընթացը ստվերելու միտում: Նույնիսկ այդ անվանափոխությունների մեջ մենք տրամաբանություն ենք դրել, որպեսզի պայքարենք խարանի և խտրականության դեմ այդ հաստատություններում բուժում ստացող կամ ապրող մեր քաղաքացիների նկատմամբ, փոխենք վերաբերմունքը նրանց նկատմամբ թե' բժշկական հաստատություններում, թե' հանրության շրջանում: Պարոն Թաթոյանը սակայն միտումնավոր չի նկատում դա ու կրկին հրամցնում է հասարակությանը խարանի և խտրականության մարմնավորում հանդիսացող տերմինը և դրա տրամաբանությունը: Նույն թելը երևում է բուն տեքստում:

Դեռ 2018 թվականից մենք աշխատել ենք թե' գործող հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանների լավացման, թե' ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման վրա: Շարունակաբար լավացվել են Սևանի և Ավանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանները, պացիենտների սնունդը, գիշերելու պայմանները, հագուստը, դեղորայքը: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ի թիվս վերոնշյալի նաև հենց հիմա պետական բյուջեի միջոցների հաշվին տեղի է ունենում ամբողջական վերակառուցում և վերազինում: Այս փոփոխությունների ականատեսն են բոլոր մեր պացիենտները և նրանց հարազատները, որոնք և կփաստեն խոսքերիս ճշմարտացիությունը:

Հոգեկան առողջության պահպանման ոլորտի համակարգային բարեփոխումները սակայն ինչ-որ չափով դանդաղեցին մինչ օրս ձգվող կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կակտիվանան. դա եղել է մեր կառավարության առաջնահերթություններից մեկը և այդպես էլ մնալու է:

Հուսով եմ նաև, որ առողջապահության նախարարությունը մանրամասն կանդրադառնա «զեկույցում» զետեղված հանգամանքներին և դրանց ճշմարտացիությանը, իսկ ես ևս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը, այդ թվում ոչ այդքան քաղաքական հարցում, ինչպիսին է մեր քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման կարևոր ոլորտը՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: