ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես վերջինիս մասնաճյուղ

Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կմիանա Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես վերջինիս մասնաճյուղ

Կառավարությունը հունիսի 12-ին նիստին չզեկուցվող հարցերի թվում ընդունեց մի որոշման նախագիծ՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ ստեղծելու մասին:

Վերակազմակերպման արդյունքում կլինի կառավարման և անվան փոփոխություն, իսկ թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղի կարգավիճակով։ Մինչև 1993 թվականը «Օրբելի եղբայրների տուն-թանգարանը» «Հայաստանի պատմության թանգարանի» մասնաճյուղն է եղել, որը հետագայում վերակազմակերպվել է առանձին պետա­կան ոչ առևտրային կազմակերպության:

«Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։ Վերակազմակերպման պարագայում հնարավոր կլինի մասնաճյուղ գործուղել մայր թանգարանի մասնագետներին, որը հնարավորություն կտա թանգարանն արդիականացնել և նոր ցուցադրություններ կազմակերպել, ինչպես նաև ներգրավել ներդրումներ և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը»,- նշվում է որոշման նախագծի մեջ։

Վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում չի լինելու: Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի հաստիքի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։

«Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան-մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրությանը մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով»,- նշվում է նախագծում: 

  • Կիսվել: