Եթե ունենանք թվերի նվազում, կարգավորումները կթուլանան. նախարարը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման մասին
Այսօր ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ է տրամադրելու, եթե, օրինակ, երեխայի դիմակը վնասվել, կամ նա այն կորցրել է:
՛՛Մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներ՛՛,-նշել է Հարությունյանը:
Անդրադառնալով հեռավար ուսուցմանը վերադառնալու հավանականությանը՝ նա ասել է. ՛՛Մեզ համար ամենաանցանկալի ընթացքը կլինի, քանի որ համակարգը անընդհատ վերափոխելը շատ դժվար է նախարարության համար եւ, այնուամենայնիվ, ազդում է կրթության որակի վրա, քանի որ այդ փոփոխությունները բացասական ազդեցություն ունեն:
՛՛Հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ նման ընթացք չլինի, եւ լիարժեք պատրաստվում ենք դպրոցների վերաբացմանը: Սա կապված է նրանից, թե որքանով ենք հակահամաճարակային կանորնները հարգում եւ պահում Առողջապահության նախարարության եւ պարետատան ցուցումները՛՛,-նշել է նախարարը:
Հարությունյանն անդրադարձել է նաև առաջին դասարանցիների՝ դիմակով լինել վերաբերյալ հարցինայն հարցին: Նա նշել է, որ այդ ցուցումներն ու կարգավորումները տրված են դեռեւս մայիս-հունիս ամիսներին, երբ 6 տարեկանից բարձր քաղաքացիները պետք է կրեն դիմակ: Նա ընդգծել է, որ դա վերաբերվում է նաեւ դպրոցականններին:
Նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Առաջիկայում եւս քննարկում կունենանք, եւ փոփոխությունը նույնպես կապված է լինելու հակահամաճարակային ընդհանուր իրավիճակի հետ: Եթե ունենանք թվերի նվազում, ապա, բնականաբար, այդ կարգավորումները նույնպես կթուլանան, մենք մշտական կապի մեջ ենք պարերտատան եւ Առողջապահության նախարարության հետ՛՛։
Հարությունյանի խոսքով՝ այն ուղեցույցը, որը հրապարակվել է, կարող է ամեն շաբաթ փոփոխվել` կապված այդ ոլորտի եւ կորոնավիրուսի իրավիճակի փոփոխության հետ:
Նա անդրադարձել է նաեւ այն հարցին, թե ինչ է լինելու այն դպրոցների հետ, որոնց աշակերտները կհրաժարվեն դիմակով հաճախել դասերին: Արայիկ Հարությունյանը նշել է, որ այդ ուղղությամբ նախարարությունը դպրոցներին աջակցելու է, որ հակահամաճարակային կանոնները ճշգրիտ պահպանվեն:
Նախարարը նշել է. ՛՛Փոխվարչապետի մոտ ունեցած քննարկման արդյունքում որոշվել է, որ տեսչական մարմինները նույնպես դպրոցներին եւ ուսումնական հաստատություններին կաջակցեն, մենք նաեւ այս ընթացքում կաշխատենք ծնողների հետ եւ կգանք համաձայնության այն առումով, որ կանոնները պետք է պահվեն, երեխաները պետք է հաճախեն:
Դպրոց չհաճախելու դեպքում կլինեն համապատասխան բացասական հետեւանքներ, կրթության շարունակականության ընդհատում, ինչը անխուսափելիորեն հանգեցնելու է հետագա ամիսներին եւ տարիներին առաջադիմության խնդիրների եւ ընդհանուր առմամբ կրթական ցենցի նվազման՛՛:
Նախարարը խոսել է նաեւ դպրոցների ֆինանսավորման հարցի վերաբերյալ և ասել , որ այն ամիսներին, երբ երեխաները համավարակով պայմանավորված չեն հաճախել դպրոց, բյուջեում խնայողություններ են ավելացել, որոնք էլ պետք է տրամադրվեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
Նա վստահեցրել է. ՛՛Նաեւ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու, եթե, օրինակ, երեխայի դիմակը վնասվել է, կամ կորցրել է, մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաեւ ախտահանիչ միջոցներ: Այն չափով, որով դպրոցներն ունեն միջոցներ, կտրամադրեն ամբողջն այդ ուղղությամբ, իսկ եթե դրանք հետագայում չեն բավականացնի, մենք այդ առումով աջակցություն կցուցաբերենք՛՛:



