ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե սահմանափակում չլիներ, 75-80 օրում Հայաստանի բնակչության 89%-ը վարակված կլիներ կորոնավիրուսով. Ավինյան

Եթե սահմանափակում չլիներ, 75-80 օրում Հայաստանի բնակչության 89%-ը վարակված կլիներ կորոնավիրուսով. Ավինյան

ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց, որ եթե կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեր, ապա մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ կորոնավիրուսով։

«Մեր բոլոր գրոծողությունները գիտական հենք ունեն, Եթե միջին տարածման ինտենսիվությունը համարենք 2,4 գործակցով և միջին ինկուբացիոն շրջանն ընդունենք 5,6 օր, մարտի 1-ից հետո 75-80 օրվա ընթացքում ՀՀ բնակչության 89 տոկոսը վարակված կլիներ: Միայն Երևանում կունենայինք 8200 ծանր հոսպիտալվացված դեպքեր»,- նշեց նա՝ հավելելով, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի աշխատանքները սկսվել են դեռևս հունվարի 30-ից և արդեն իսկ փուլ-փուլ տարբեր սահմանափակումներ են մտցրել։

Նրա խոսքով՝  սահմանափակումները նպատակ ունեն նվազեցնել վարակի տարածման ինտենսիվությունը:

«Դա նշանակում է, որ մեկ վարակակիրը կվարակի մեկից քիչ անձի»,- նշեց նա։

Տիգրան Ավինյանը ներկայացրեց այն ուղիներն ու մեթոդները, որոնցով փորձում են կանխել կորոնավիրուսի տարածումը:

Առաջին փուլում, ըստ նրա, հայտնաբերում և մեկուսացնում են վարակակիր անձանց, պարզում նրանց հետ կոնտակտ ունեցած անձանց շրջանակը, նրանք ևս մեկուսացվում են:

Երկրորդ բլոկը վերաբերում էր գործունեության տեսակների սահմանափակումներին և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներին: «Այս երկու բլոկի միասնական ներգործությունն այս փուլում տալու է դրական արդյունք»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ իրենց նպատակն է կանխարգելման և մեկուսացման աշխատանքներն այնքան էֆեկտիվ դարձնել, որ սահմանափակումներից փուլ-փուլ հրաժարվեն:

Ինչ վերաբերում է սահմանափակումները ևս 10 օրով երկարաձգելուն, Տիգրան Ավկնյանն ասաց, որ դա հնարավորություն կտա կանխարգելման ու մեկուսացման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել, էֆեկտիվորեն հայտնաբերել այն անձանց, որ վարակակրի հետ ունեցել են շփումներ և ինքնամեկուսացնել. «Մեր նպատակն է դրանց համահունչ ավելացնել թեստավորման քանակները և նվազեցնել սահմանափակումները»։

Նա նաև նշեց, որ այս կիրակի մարդկանց տեղաշարժի առումով ունեցել են բացառիկ ցուցանիշ, որը վարակի տարածման առումով դրական դեր ունի, բայց հասկանում են, որ այդ սահմանափակումներն անվերջ չեն կարող լինել:

«Մենք գնում ենք այն երկրների օրինակով, որ կարողացել են էֆեկտիվ և նոր լուծումներով հաղթահարել այս վիճակը: Հետագա 10 օրերի ընթացքում կարող է մարտավարություն փոխվի և սահմանափակումներն ավելի են խստացվելու, վերահսկողությունը պետք է ավելի արդյունավետ դարձնենք, ոստիկանության ուժերին, միացնելու ենք այլ կառույցներից տարբեր ուժեր, որովհետև իրապես ծանր աշխատանք է և որպեսզի բարձրացնենք վերահսկողությունը՝ հավելյալ ուժեր ենք ներգրավելու»,-նշեց Պարետը։

  • Կիսվել: