ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե մեկ շաբաթ անց թվերի կտրուկ աճ լինի, դա կապելու ենք դպրոցների հետ. նախարար

Եթե մեկ շաբաթ անց թվերի կտրուկ աճ լինի, դա կապելու ենք դպրոցների հետ. նախարար

«Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 1233 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ ազատ են»,- այս մասին կառավարության նիստում ասաց  ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվում են միայն 5-ը, որոնք նախատեսված են միայն դրա համար, ևս 3-ը նեղ մասնագիտացված են շատ փոքր թվերով՝ նորածինների, երեխաների և հղիների համար:

Արսեն Թորոսյանն ասաց, որ ցանկացած պահի 1-2 օրվա ընթացքում, երբ իրավիճակը կրկին սրվի, կարող են ամբողջ ռեսուրսը գործի դնել։ Խոսքը վերաբերում է 2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալներին:

Նախարարը նշեց նաև, որ բոլոր գործողությունները պետք է միտված լինեն դրան չհասնելուն:

Արսեն Թորոսյանը նաև հայտնեց, որ Հայաստանում փաստացի ամենաբարձր թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածրը եղել է սեպտեմբերի 11-ին, դրանից հետո թիվն աճում է։

«Այսօրվա թիվը կտրուկ տարբերվում է նախորդ օրերի թվերից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից, ինչը պայմանավորված է շարժողականությամբ, ինչպես նաև համաճարակային կանոնների նկատմամբ կարգապահության մակարդակով»,- ընդգծեց նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ պետք է շարունակել կրել դիմակներն այնտեղ, որտեղ հնարավոր է, պահել սոցիալական հեռավորություն և հաճախ լվանալ ձեռքերը:

Խոսելով ռիսկային գործոնների մասին՝ առողջապահության նախարարը մատնանշեց  տրանսպորտի վիճակը։

«Մենք թվերը դեռ չենք կապում դպրոցների հետ, բայց եթե մեկ շաբաթ անց թվերի կտրուկ աճ լինի, կապելու ենք դպրոցների հետ: Խոսքը միայն դպրոցի ներսում եղած շարժի մասին չէ: Փաստացի դպրոցների բացմամբ պայմանավորված շարժը մեծանում է նաև դրսում»,- ասաց  Արսեն Թորոսյանը։

  • Կիսվել: