«Եթե մարդն ասում է՝ ինձ անարդար եք տուգանել, ո՞նց բողոքարկի». Ավինյանը՝ ուղեվարձի տուգանքների մասին
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը լիազորված է գործերը քննել և տուգանքներն իրականացնել ծառայության աշխատակիցների կողմից։ Ունենք բեկանված տուգանքներ թվով հինգ հատ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Բաբայանը՝ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքերին։
«Տուգանված քաղաքացիների թիվը 354 է, որից 227 քաղաքացիները առանց տոմս են երթևեկել, 48 քաղաքացիները այլ անձի արտոնություն ունեցող քարտերից են օգտվել և 79 քաղաքացիներ վճարումը կատարել են ծառայության աշխատակիցների ստուգած հորդորներից անմիջապես հետո»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց. «Ո՞վ կպատասխանի բողոքարկման կարգի վերաբերյալ հարցին, ինչպես է դա տեղի ունենում։ Այսինքն մարդը ասում է՝ ինձ անարդար եք տուգանել, ես վճարել էի, տեխնիկական խնդիր էր, ԱրՔա համակարգը չէր աշխատում և այլն»։
Ի պատասխան Բաբայանն ասաց. «Տեղում կապնվում ենք Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, մեզ մոտ վճարերը ցույց է տալիս՝ քաղաքացին վճարումը կատարել է, թե ոչ։ Եթե քաղաքացին վճարել է, տուգանքը անմիջապես բեկանում ենք»։
Ավինյանը նկատեց, որ դա բավարար չէ. «Հաջորդ անգամ առաջարկում եմ պարոն Գրիգորյանի բլոկով ներկայացվեց բողոքարկման կարգը։ Շատ լավ է, որ տեղում դուք որոշակի գործողություն անում եք, բայց կարծում եմ՝ քաղաքապետարանում մինչ դատարան գնալը մենք պետք է ունենանք որոշակի ընթացակարգ, որով որ կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, եթե պետք կլինի կբեկանենք։ Այսինքն մարդը ունենա հնարավորություն տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»։


