կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե կլինեն կոնկրետ առաջարկներ, ապա պատրաստակամ ենք լսել և այս տարվա ատեստավորման ժամանակ հաշվի առնել. Անդրեասյան

Եթե կլինեն կոնկրետ առաջարկներ, ապա պատրաստակամ ենք լսել և այս տարվա ատեստավորման ժամանակ հաշվի առնել. Անդրեասյան

«Հայաստան» խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարց ուղղեց կամավոր ատեստավորմանը տրամադրված ժամանակի վերաբերյալ:

«Կամավոր ատեստավորման թեստերի մասին մենք անընդհատ ենք խոսում, և դա մեր աշխատանքի անբաժանելի մասն է՝ անընդհատ վերլուծել թեստերը և հասկանալ՝ որտեղ կա բարելավման կարիք: Տարին տարվա հետ այդ թեստերի որակը և կառուցվածքը բարելավվում են: Այնպես որ, կարծում եմ՝ թեստերի այն մակարդակը, որն այս պահին ունենք, բավարար է, որպեսզի մենք կարողանանք ատեստավորման արդյունքները համարել ներկայացուցչական, հատկապես հաշվի առնելով, որ իրականում կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցիչների շուրջ 50 տոկոսը և ավելին հաղթահարում են թեստերը, բավականին մեծ թիվ են կազմում նաև բարձր արդյունք ունեցող ուսուցիչները: Ավելի քան 200 ուսուցիչ ունենք, որոնք արդեն ստանում են 400 հազար և ավելի դրամ վարձատրություն: Ունենք շուրջ 4 հազար ուսուցիչներ, որոնք կամավոր ատեստավորման արդյունքում բարձրացված վարձատրության ու հավելավճարի հնարավորություն են ստացել: Այս թվերն առաջիկայում միայն ավելանալու են: Ես ամեն օր գրեթե շփվում եմ տնօրենների, ուսուցիչների հետ, որոնք նշում են՝ այդ օրինակները վարակիչ են, ոգևորիչ են մյուսների համար»,- ասաց Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է հայոց լեզվի թեստին, ապա նախարարը նշեց, որ վերջերս ուսուցիչներն ասել են, որ տվել են՝ իրենց աշակերտները թեստերը լրացնեն, և աշակերտները հավաքել են 50 տոկոս ավելի կարճ ժամանակում:

«Սա նշանակում է, որ թե՛ թեստերի բարդության, թե՛ ժամանակատարության տեսանկյունից դրանք հաղթահարելի են: Սա է վկայում նաև այն, որ երբ որ մենք վերլուծում ենք՝ որ տարիքի ուսուցիչներն են հաղթահարում թեստերը, մենք կարող ենք տեսնել, որ ավագ տարիքի ուսուցիչները, որոնք կարելի էր ենթադրել, որ ավելի երկար ժամանակի կարիք կունենան՝ այդ աշխատանքն անելու, նույնպես հաջողությամբ այդ թեստերը հաղթահարելու համար, այս թեստերը հաղթահարում են, և զգալի տոկոս են կազմում տարբեր առարկաներով դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների կազմում: Կարծում եմ՝ դա շարունակական աշխատանք է, և եթե կլինեն կոնկրետ առաջարկներ, ապա մենք միշտ բաց ենք, պատրաստակամ ենք լսել այդ առաջարկները և այս տարվա ատեստավորման ժամանակ հաշվի առնել: Բայց, միաժամանակ, ես կարծում եմ, որ կամավոր ատեստավորումը ցույց է տալիս, որ այն արդյունքները, որոնք գրանցվում են, դրանք հաղթահարելի արդյունքներ են, և չմոռանանք, որ խոսում ենք առաջին հերթին ոչ միայն ուսուցիչների, այլև մեր երեխաների կրթության մասին, և ատեստավորման միջոցով նաև պետք է գույքագրենք խնդիրները, որ կան, աշխատանքը, որ պետք է անենք ուսուցիչների հետ, և եթե աշխատանքը չի ստացվում՝ պետք է այդ ուսուցիչներին առաջարկենք այլ զբաղվածության անցնել, բայց ոչ՝ զբաղվել մեր երեխաների կրթությամբ»,- նշեց Ժաննա Անդրեասյանը:

  • Կիսվել: