չորեքշաբթի, հունիս 5
5 / 6 / 2024
Եթե իմ գյուղացիներից մեկին պետք է տանեն դատեն, պատժեն, ես իրենց կողքին եմ. էդ մարդիկ հանցագործ չեն.  նորատուսցի ձկնորս

Եթե իմ գյուղացիներից մեկին պետք է տանեն դատեն, պատժեն, ես իրենց կողքին եմ. էդ մարդիկ հանցագործ չեն. նորատուսցի ձկնորս

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում լարված իրավիճակ է. Ձկնորսները դեմ են սիգի որսի արգելքին և դուրս են եկել բողոքի: Նախօրեին բախում է եղել պարեկների եւ ձկնորսների միջեւ, իսկ այսօր վաղ առավոտյան 26 ձկնորս կալանավորվել է խուլիգանության կասկածանքով:

Նորատուսցի ձկնորսներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Լճի ջուրը պակասում է, եթե ջուրը պակասեց, ձուկն էլ շատացավ, սատկելու է, իր պաշարը, իր թթվածինը չի հերիքում: Այո, սիգ տեսակի ձուկը մի պահ պակասել էր, որովհետեւ խեցգետինը շատ էր, իկռան չէր կարողանում ամեն տեղ թողնել: Սիգ ձուկը նորից բնական ձեւով վերականգնվել է, այսօր լիքը սիգա ձուկ կա:

Ես իմ մատոռ-լոդկան նվեր եմ տալիս պետությանը: Բայց երբ հարցնում ես՝ բա ինչո՞վ զբաղվեմ, ասում են՝ Երեւանում բանվորի գործ կա, 8-10 հազար դրամով գնա բորդուր շարի: Եթե ես էստեղից ամեն օր գնամ Երեւան գան, մի հատ էլ պեռաշկի ուտեմ, 5 հազար ինձ մնա, թե չմնա: Տնեցիք էլ սոված մնան: Իսկ ձկնորսությամբ կարող է օրական 10-20-25 հազար դրամ աշխատեմ»:

Նա հավելեց, որ նախօրեին ներքին գործերի փոխնախարարը եկել է, իրենց հետ բանակցել է. «Ասեցինք՝ լավ, եղել է միջադեպ, այնպես անենք, որ էլ բախում տեղի չունենա: Ինքը զորքերին հրաման տվեց,  ավտոբուսները շարժվեցին: Ինքը եկավ գյուղի մշակույթի պալատում հանդիպում ունեցավ ժողովրդի հետ: Մենք ասացինք, որ եթե հնարավոր է՝ միջամտեք, որ մինչեւ տարվա վերջ ժողովուրդը ձկնորսություն անի: Էդ մարդն ասաց՝ հստակ պատասխան չի կարող տալ: Ինքը գնաց պատասխանի հետեւից, իսկ իրենից հետո մեր գյուղի մարդկանց բռնեցին, տարան: Դա գիշերը ժամը 4-ին է եղել:

Եթե իմ գյուղացիներից մեկին պետք է տանեն սրա համար, դատեն, պատժեն, ես իրենց կողքին եմ: Էդ մարդիկ հանցագործ չեն:

Թող գան, մեզ կարճ-կոնկրետ ասեն՝ նորատուսցիք, սոված մնացեք, ոնց ուզում եք ձեր գլխի ճարը տեսեք: Մենք էլ հելնենք, մեր տները բանալիով փակենք, բենզին լցնենք վառենք, թողնենք գնանք: Էլ ձեւ չկա: Եթե ես վաղվանից ձկնորսության դուրս չգամ, ոչ կարողանալու եմ վարկերս փակեմ, ոչ կոմունալներս»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

Նշենք, որ դեկտեմբերի 15-ից սիգի որսն արգելվել է, ձկնորսները դեմ են որոշմանը և շարունակում են որսը։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Նորատուսի մոտ ձկնորսները դիմակներով լճի վրա ծեծել են պարեկներին, նրանց ուղղությամբ նետել են բենզինով շշեր և փայտեր։

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝  Գեղարքունիքում ձկնորսների խուլիգանության, պաշտոնյաների պարտականություններին բռնության կիրառմամբ միջամտելու համար ձերբակալվել է 26 անձ։

  • Կիսվել: