չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Եթե այսօր հայ հասարակությունը որևէ կապ ունի մեդիահաղորդակցության հետ, դրա հիմնական ապահովողը Հանրային ՀԸ-ն է. Արա Շիրինյան

Եթե այսօր հայ հասարակությունը որևէ կապ ունի մեդիահաղորդակցության հետ, դրա հիմնական ապահովողը Հանրային ՀԸ-ն է. Արա Շիրինյան

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հակիրճ ներկայացրեց Հանրային հեռուստաընկերության եկամտի աղբյուրները՝ ըստ տեսակների, և ծախսերը:

ՀՀ պետբյուջեից եկամուտները կազմել են 6 մլրդ 336 միլիոն դրամ, առևտրային գովազդից և հովանավորչությունից՝ 749 միլիոն դրամ, ֆիլմերի և հաղորդումների պատրաստումներից եկամուտ՝ 276 միլիոն դրամ, հեռարձակումից և վերահեռարձակումից եկամուտ՝ 48 մլն դրամ, նախընտրական քարոզչությունից եկամուտ՝ 10 մլն դրամ, այլ եկամուտներ՝ 285 մլն դրամ:

Այսպիսով, պետբյուջեից Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորումը կազմել է 82 տոկոս, առևտրային գովազդից և հովանավորչությունից ֆինանսավորումը կազմել է ընդհանուր գումարի 9,7 տոկոսը:

Ներկայացնելով Հանրային հեռուստաընկերության ծախսերը՝ Շիրինյանը հայտնեց՝ դրանք են աշխատավարձերը, հավելավճարները և այլ վարձատրություններ՝ 2 մլրդ 842 մլն դրամ, հեռուստահաղորդումների արտադրության և ձեռքբերման, հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքների ձեռքբերման և հեռարձակման ծախսեր՝ 2 մլրդ 17 մլն դրամ, հեռուստահաղորդումների հեռարձակման ծախսեր՝ 246 միլիոն դրամ, պետական բյուջեից հատկացումների գծով հաշվարկված ԱԱՀ՝ 965 միլիոն դրամ, այլ ծախսեր՝ 913 միլիոն դրամ:

Սեփական հեռուստահաղորդումների արտադրության ծախսերը կազմել են 411 միլիոն դրամ, որից 360 մլն-ը՝ սեփական հեռուստահաղորդումների և հաղորդաշարերի պատրաստումն է, և 51 մլն դրամը՝ գեղարվեստական և այլ ֆիլմերի թարգմանության կրկնօրինակման ծառայությունների վարձատրության ծախսերը:

«Այլ հեռուստահաղորդումների արտադրության և ձեռքբերման ծախսեր՝ 1 միլիարդ 666 միլիոն, հայրենական ընկերություններից հեռուստահաղորդումների ձեռքբերման ծախսեր՝ 283 միլիոն դրամ, հայրենական արտադրության բազմասերիանոց ֆիլմերի արտադրության ծախսեր՝ 244 միլիոն դրամ, հայրենական և արտասահմանյան արտադրության ֆիլմերի հեռարձակման իրավունքների ձեռքբերման ծախսեր՝ 92 միլիոն, Եվրոպական հեռարձակողների միության կողմից ստացվող իրավունքների և ծառայությունների, հայրենական և արտասահմանյան հեռուստահաղորդումների, սպորտային և այլ նշանակալից իրադարձությունների և այլ միջոցառումների հեռարձակման իրավունքների և հեռարձակման ծառայությունների ձեռքբերման ծախսեր՝ 298 միլիոն դրամ, հաղորդումների իրավունքների ձեռքբերման ծախսերը կազմել են 2 մլրդ 17 մլն դրամ»,- տեղեկացրեց Շիրինյանը:

Նրա խոսքով՝ հեռարձակման ծախսերը կազմել են ընդհանուր ծախսերի 4 տոկոսը:

Պետբյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ն կազմել է ընդհանուր ծախսերի 14 տոկոսը՝ 966 մլն դրամ:

Այսպիսով՝ 2023 թվականի գործունեության ընթացքում Հանրային հեռուստաընկերությունը և «Նորք» գովազդային գործակալությունը հարկերի, տուրքերի և այլ պարտքերի պարտադիր վճարների ձևով ՀՀ պետբյուջե են վճարել 2 միլիարդ 913 միլիոն դրամ: 

«Եթե ընդհանուր գնահատական տալու լինեմ, ապա պետք է ասեմ, որ եթե այսօր հայ հասարակությունը որևէ կապ ունի պետության հետ, մեդիահաղորդակցության հետ, ապա այդ մեդիահաղորդակցության հիմնական ապահովողը Հանրային հեռուստաընկերությունն է, որը ոչ միայն լուսաբանում է և տեղեկատվություն է հաղորդում, այլև պարզաբանումներ է տալիս Կառավարության նախաձեռնություններին և գործունեությանը, կազմակերպում է նաև բանավեճեր՝ ընդդիմադիր, այլընտրանքային կարծիքներ հնչեցնելով Հանրայինի եթերում»,- խոսքը եզրափակեց Արա Շիրինյանը:

  • Կիսվել: