չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Եթե անցակետում մեր հայրենակցին կալանավորեցին, բեռը, մեքենան վերցրեցին, ո՞նց ենք պաշտպանելու. Թաթոյան

Եթե անցակետում մեր հայրենակցին կալանավորեցին, բեռը, մեքենան վերցրեցին, ո՞նց ենք պաշտպանելու. Թաթոյան

Անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից և լուծել իր խնդիրը, սա մեծ քաղաքական նպատակի մի մաս է, միջոց է: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

Նրա խոսքով, անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի խախտում է, բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը վարում է ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունները տարածում են սպառնալիքներ, իրականացնում են կրակոցներ։

Թաթոյանի խոսքով, սա լավ պլանավորած գործողություն էր, որտեղ օգտագործեցին այսպես կոչված էկոակտիվիստներին, դրա տեղադրումն իրականացրեցին փափուկ ուժի միջոցով։

«Անցակետի տեղադրումը բացահայտ անօրինական է, մարդու միջազգային իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, մարդասիրական իրավունքի, բոլոր նորմերի տեսանկյունից այն բացահայտ ապօրինի է։  Մի պահ պատկերացրեք, եթե ընդունենք դրա լեգիտիմությանը, մեր հայրենակիցներն անցնեն, սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կարող են այդտեղով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ այդ մարդուն։ Ո՞վ կիմանա՝ այդ մարդու հետ ինչ կլինի։ Պատերազմի ժամանակ մեր տղաները հայտնվում են նրանց վերահսկողության ներքո, հետո տեսեք, չեն հաստատում, չգիտենք, որտեղ են նրանք»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով, անցակետով անցնող ցանկացած մեկին կարող են մտացածին մեղադրանք առաջադրել. «Ասում են, դե լավ բեռների համար կարելի է։ Դա կլինի առաջին քայլը։ Ադրբեջանի ամենասիրելի քաղաքականությունն է աստիճանաբար գնալ առաջ։ Սյունիքի մեր դեպքերը քննարկենք, բերեցին սկզբում դրեցին «Բարի գալուստ Ադրբեջան», հետո ցուցանակը պաշտպանելու համար ասեցին պետք է զինվոր կանգնի, հետո ասեցին՝ մեր զինվորները մրսում են, ենթակառուցվածքներ սարքեցին ու այդպես սկսեցին առաջ գնալ, նույնն այստեղ է լինելու, ես վստահ եմ ուղղակի։

Կարող են ցանկացած անձի նկատմամբ ինչ ուզեն անեն, ոչ մի միջազգային իրավական երաշխիք չի աշխատում։ Հիմա եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավվեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու»,-ասաց Թաթոյանը։

  • Կիսվել: