ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Եթե աչքաթող անեք, մեր ձեւերով անցնելու ենք ինքնապաշտպանության՝ քարերով, փայտերով». Ֆիրդուսի բնակիչներ

«Եթե աչքաթող անեք, մեր ձեւերով անցնելու ենք ինքնապաշտպանության՝ քարերով, փայտերով». Ֆիրդուսի բնակիչներ

Կառավարության դիմաց, այսօր՝ հունիսի 8-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները:

Նրանցից մեկը լրագրողներին հայտնեց, որ երեկ իրենց հարցով դատական նիստ է տեղի ունեցել, որին շատ դժվար էր դատական նիստ անվանել, ավելի շուտ փողոցի խոսակցություն էր հիշեցնում:

«Դատավոր Մուրադ Հովակիմյանը հիացմունքով լսում էր հայցվոր կողմին, իսկ պատասխանող կողմին անտեսում էր: Դատավորը նագլի պահվածքով ասում է՝ մեկ ա, ես անելու եմ: Ո՞նց ես անելու, մենք հիմա ժողովրդավարության բաստիոնում ենք ապրո՞ւմ, թե՞ դիկտատորական երկրում: Թուլ չենք տալու, պայքարելու ենք մինչեւ վերջ:

Դուք մտցրել եք գերակա շահ, բայց դա արվում է մեկ հոգու համար, անգամ մետրոն են փակում դրա համար: Ո՞րն է այստեղ գերակա շահը:         Մեզ ասում են՝ լավ ենք անում, անելու ենք: Դե մենք էլ ասում ենք՝ կտեսնեք, թե որ մեկս ինչ է անելու: 

Եթե կառավարությունը այս ամենն աչքաթող անի, դա բերելու է անդառնալի դեպքերի, որովհետեւ, եթե մենք տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության: Հետո չասեք էսինչ բանը անօրեն է: Դուք ոչ մի օրենք չեք պահում: Մենք մեր ձեւով՝ մահակներով, քարերով պաշտպանելու ենք մեր սեփականությունը:  Մենք ուզում ենք, որ մեզ լսի եւ պատասխանի Նիկոլ Փաշինյանը:

Մեզ ասում են՝ 1-2 հոգու շահը չի կարող համայնքի շահից կարեւոր լինի, բայց դուք ստում եք, դուք մեկ հոգու շահը սպասարկելով համայնքին անտուն եք դարձնում: Սեփականատերերից խլում եք իրենց գույքը: Այդ շայկեն, որ մասնակից է այս ապօրինություններին, բոլորը պետք է դատվեն»,-ասաց նա:

Բնակիչը նկատեց, որ գերեկա շահ ասվածը հորինել են, որ ուզած տարածք կարողանան խլել սեփականատերերից:

«Որ տարածքը ուզենան խլեն, գերակա շահը դնելու են տակը, մտնեն, խլեն: Գերակա շահը ստեղծել են, որ շուկայական գնից, սեփականատիրոջ ցանկությունից ազատվեն, իրենց ուզած գինը հաշվարկեն ու խլեն»:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

  • Կիսվել: