երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ես վտանգավոր եմ համարում հայտարարությունը, թե ժողովուրդը սոված է. Իգիթյան

Ես վտանգավոր եմ համարում հայտարարությունը, թե ժողովուրդը սոված է. Իգիթյան

«Ես վտանգավոր եմ համարում ցանկացած հայտարարություն, թե ժողովուրդը սոված է», - այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

«Մեր գործընկերները ներկայացնում են այսպես՝ դուք ունեք փող, բաժանեք ժողովրդին։ Բյուջեն արդեն 2 տարի համարվում է մեր ժողովրդի գումար։ Կարող է շատերը չեն ցանկանում տեսնել, բայց երկրում իրավիճակ է փոխվել և, քանի որ դա ժողովրդի գումարն է, եկեք տեսնենք, թե հայ ժողովուրդը, երբ ծանր վիճակում է, ինչպես է փորձում ծախսել իր սահմանափակ գումարը։ Առաջին հերթին առողջությունն ու կյանքն է։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ առողջության համար բնակարաններ են ծախել, պարտք են վերցրել և այլն։ Այսօր, որ ասում ենք գումար պետք է ծախսենք, առաջին հերթին մտածում ենք մոտավորապես 1000 վարակված մարդկանց մասին, որոնք գտնվում են բուժման մեջ»,- նշեց պատգամավորը։

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ ճիշտ չէ համեմատվել եվրոպական երկրների հետ, քանի որ այդ երկրներում կան բժշկական ապահովագրության վճարներ։

«Եվրոպական երկրների մասի՞ն եք խոսում. գիտեք, չէ՞, որ այնտեղ կա բժշկական ապահովագրություն, որը ահռելի մեծ գումարներ է ծախսում իր հիվանդների բուժման համար: Իսկ այսօր կորոնավիրուսով հիվանդների բուժման ամբողջ ծախսը մեր բյուջեի վրա է։ Մենք առողջապահական ոլորտի վրա գումար ենք ծախսում, բայց դա ոչ մի կերպ չի արտացոլվում կառավարության սոցիալական որևէ ծրագրի ծախսային մասում»,- ընդգծեց պատգամավորը։

Երկրորդ կարևոր հարցն, ըստ նրա, անվտանգությունն է, որի մեջ մտնում է նաև պարենային անվտանգությունը։

Հովհաննես Իգիթյանն անդրադարձավ նաև էներգետիկ անվտանգության հարցին. «Ասում են կոմունալ չվճարվի և այլն, ոչ, պարտադիր պետք է վճարվի։ Խոսքը գնում է պետության էներգետիկ անվտանգության մասին և համակարգը  պետք է աշխատի այսօր՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ և վաղը պետք է շարունակի աշխատել»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նշեց՝ այս ամենից ելնելով, պետք  չէ ասել՝  ժողովուրդը սոված է, և պետք է գումար տալ։

«Մեր ժողովրդի մի մասը ոչ միայն կորոնավիրուսի պատճառով, այլ առավելևս կորոնավիրուսի պատճառով է գտնվում սոցիալական ծանր վիճակում։ Մեր բոլորի պարտքն է հայտնաբերել այդ մարդկանց։ Ունե՞ք առաջարկ, տվեք՝ ոնց կարելի է այդ մարդկանց հայտնաբերել։ Մենք հայտնաբերում ենք այդ մարդկանց և ունեցածի սահմաններում ենք օգնում, ի՞նչ կարևոր է, թե այդ օգնությունը ՀՆԱ-ի քանի տոկոսի չափով է։ Ես վտանգավոր եմ համարում ցանկացած հայտարարություն, թե ժողովուրդը սոված է։ Ո՞ր ժողովուրդն է սոված, կան մարդիկ, որոնց պետք է հայտնաբերենք և օգնենք, դա մեր պարտքն է»,- ասաց նա։

  • Կիսվել: