Ես վաղուց եմ որոշել, որ ինձ համար կարևոր է հայ լինելը. Ռուբեն Վարդանյան
Մեկենաս և գործարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է հարցին, թե կարևո՞ր է արդյոք իր համար հայ լինելը, և առհասարակ ի՞նչ է նշանակում՝ լինել հայ:
՛՛Մի քանի տարի առաջ ինքս ինձ հարց տվեցի՝ արդյո՞ք ինձ համար կարևոր է այն, որ ես հայ եմ: Եվ ինքս էլ ինձ պատասխանեցի՝ կարևոր է:
Իսկ ի՞նչ է նշանակում հայ լինել. հպարտանա՞լ նրանով, որ պապս ու հայրս հայ են, խոսե՞լ հայերեն, թե՞ հայկական պարերը լավ պարել: Որո՞նք են իմ «հայությունը» որոշող չափանիշները: Դա բարդ հարց է: Կարծում եմ` ամենամեծ սերը հանուն որևէ մեկի, հանուն ընտանիքի ու հայրենիքի կյանքը զոհաբերելու պատրաստակամությունն է: Բայց դա ամենևին չի նշանակում, թե դուք չեք սիրում, եթե չունեք այդ պատրաստակամությունը: Պարզապես դա է սիրո բարձրագույն դրսևորումը: Ես վաղուց եմ որոշել, որ ինձ համար կարևոր է հայ լինելը:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Հայկական աշխարհի հետ ինքնանույնականացման հարցը՝ որպես գիտակցված ընտրություն։ Նրանցից շատերը, ովքեր արյամբ ու քաղաքացիությամբ հայ են, այդ հարցն առանձնապես չեն կարևորում։ Միևնույն ժամանակ, քիչ չեն մարդիկ, որոնք միայն 1/8-ով հայ լինելով կամ բոլորովին չլինելով, սրտին մոտ են ընդունում Հայաստանի ճակատագիրը, և նրա համար անում են ամեն բան, ինչ կարող են անել։ Այդպիսի մարդիկ հայ լինելու գիտակցված ընտրություն են կատարել՝ ընտրությամբ են հայ (Armenian by Choice), և անհրաժեշտ է բոլոր պայմաններն ստեղծել՝ երկրի բարօրության գործում նրանց ներգրավելու համար՛՛,-նշել է նա։