հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2020
Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Ես ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում. Աննա Հակոբյան

Կորոնավիրուսի համավարակը ժողովրդավարության փորձ էր ամբողջ աշխարհի համար, դժբախտաբար դաժան փորձ էր, եւ հրաշալի կլիներ, եթե պոզիտիվ փորձ լիներ մարդկության համար: Այս մասին 1in.am-ի ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ինչ վերաբերում է մարդկանց վարքին, կվերադառնան նրանք նախկին վարքին, թե ոչ, այո, կարծում եմ, կվերադառնան: Մարդիկ ստիպված կլինեն վերագնահատել արժեքները: Ես Ինստագրամում հետևում էի, թե ինչպես են որոշ աստղեր փակված իրենց դղյակներում չգիտեին ինչ անել ձանձրույթից: Միակ մխիթարանքը գտնում էին Ինստագրամում, հոլովակներ էին դնում… Նշանակություն չունի նավ ունես, թե այլ շքեղություններ,  դրանք այս օրերին չես կարող օգտագործել, իսկ եթե ունես ընկեր, որի հետ կարող ես մտքեր փոխանակել… Այս մեկուսացումը ստիպեց մարդկանց վերագնահատել արժեքներն ու արժեվորել մարդկային հարաբերությունները: Մի հին խոսք կա՝ մարդը մարդով է մարդ: Շատերը հասկացան այս բառերի իմաստը», ասել է Աննա Հակոբյանը:

Համավարակի տարածման դեմ պայքարում, Աննա Հակոբյանի համոզմամբ, գործադիրն արեց առավելագույնը եւ շարունակում է անել:

«Չեմ բացառում, որ գուցե մարտավարական սխալներ եղան, բայց ոչ ոք ապահովագրված չէ սխալներից: Ես բարձր պատասխանատվություն ունեմ և  ինձ մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում և դիմակով ու ձեռնոցով չէի, թեև դրանցով լինելու դեպքում լավ ուղերձ կլիներ: Բայց ես հետևել եմ առողջապահության նախարարության ու պարետատան ցուցումներին: Կարող է և սխալներ եղել են, բայց ամեն ինչ արվում է ժողովրդին պաշտպանելու համար: Ես ուզում եմ, որ թվերի շուրջ աղմուկը մի քիչ դադարի, յուրաքանչյուր ազգ ունի իր առանձնահատկությունները: Կան հազարամյակների պատմություն ունեցող ազգեր, որոնք չեն վախենում ոչնչից: Իսկ այլ երկրներում տեսնում ենք, որ մարդիկ շատ վախենում են իրենց անձի համար: Դա գալիս է մեր բնույթից՝ վիրուսը մեզ չի կպնի, մեր երկիր չի հասնի, նման դատողություններ ենք հաճախ  լսում: Լավ չէ, իհարկե, բայց դարձնել ողբերգություն եւ շահարկումների առարկա, ճիշտ չէ: Մենք չենք խոսում թվերի մասին, մենք խոսում ենք մարդկանց, ընտանիքների մասին: Իմ աղջիկը ծանոթ ունի, որի ամբողջ ընտանիքը վարակված է և տարբեր տեղերում է գտնվում, եւ մարդիկ դժվար են տանում այդ անջատվածությունը: Մենք սովոր ենք թվերով դատել, բայց մարդկանց մասին է խոսքը: Այս ողբերգությունը լավ պատկերացնելու եւ սեփական անձի վրա զգալու դեպքում, մարդիկ ավելի զգայուն եւ ուշադիր կդառնան», նշել է վարչապետի տիկինը:

«Ես էլ արդեն 10 տարի հետեւում եմ Ֆեյսբուքին, այն ինձ համար աշխատանքային գործիք է: Եվ ես նոր չէ, որ տեսնում եմ՝ ինչ է կատարվում Ֆեյսբուքում: Նախկին իշխանությունները մարդկանց խմբերի միջոցով Ֆեյսբուքում դրական պատկեր էին ստեղծում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, որն իրականի հետ առնչություն չուներ: Մի 10 տոկոս ընդդիմադիր շարժ կար: Հիմա էլ հարաբերակցությունը նույնն է, եթե չասենք, որ նախկին իշխանություններն ավելացրել են իրենց ռեսուրսները: Եվ ստեղծում են 90 տոկոսով բացասական պատկեր: Եվ քանի որ պատկերն աղավաղված է, հիմա մենք չգիտենք իրական պատկերը, մենք չունենք ինֆորմացիայի աղբյուր, մենք չգիտենք՝ ժողովուրդը գոհ է, թե դժգոհ: Մենք ունենք ինֆորմացիայի աղբյուրի իմիտացիա:

Մենք դրանից հետեւություն չենք կարող անել: Դիմակ դնելու քարոզի համար էլ են քննադատում, չդնելու համար էլ: Կարծում եմ՝ կառավարությունն իր աղբյուրները կունենա՝ իմանալու համար մարդկանց տրամադրությունները: Ես դեմ եմ այն կարծիքին, որ իշխանություններն ամեն ինչ թողնում են մարդկանց վրա, ոչինչ չեն անում: Կորոնավիրուսի առաջին օրվանից մարդկանց միայնակ չեն թողել: Հայաստանի իշխանությունները վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ ճգնաժամային իրավիճակում կանգնեցին մարդկանց թիկունքին: Մարդիկ տեսել են, որ իշխանությունը իրենց չի լքել, չի ապավինել միայն իրենց բարձր գիտակցությանը»,- ասել է Աննա Հակոբյանը: 

 

  • Կիսվել: