երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Ես ձեզ շատ կկարոտեմ». 93֊ամյա կինը հաղթահարել է Covid-19-ը և տուն վերադարձել (տեսանյութ)

«Ես ձեզ շատ կկարոտեմ». 93֊ամյա կինը հաղթահարել է Covid-19-ը և տուն վերադարձել (տեսանյութ)

93–ամյա Լուսիկ Դարբինյանը Գյումրու բժշկական կենտրոնի բուժաշխատողների օգնությամբ հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ տարեց կինը բժշկական կենտրոն էր տեղափոխվել ապրիլի 15-ին:

«Հիվանդն ընդունվել է բաժանմունք բարձր ջերմությամբ, շնչառական անբավարարությամբ, նմուշառվել է և հաստատվել է Covid ախտորոշումը և թոքաբորբով տեղափոխվել է Covid բաժանմունք, որտեղ էլ մեր աշխատակիցների օգնությամբ պայքարել ենք նրա կյանքի համար»,-նշում է Արմեն Խաչատրյանը:

Շուրջ 14 օր բուժում ստանալուց հետո հիվանդը դուրս է գրվել:

«Տատը շատ բարի կին է․ բուժաշխատողներին անընդհատ օրհնում էր ու երբ արդեն պետք է դուրս գրվեր, ասում էր` ես ձեզ շատ կկարոտեմ»,-նշեց Արմեն Խաչատրյանը:

93֊ամյա Լուսիկ Դարբինյանի դուրսգրման պահն արձանագրած տեսանյութը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Ի դեպ, նշենք որ այս պահին կենտրոնի Covid բաժանմունքն աշխատում է 100 տոկոս ծանրաբեռնավածությամբ, տրիաժում ևս 8 հիվանդ կա:

Հավելենք` որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 532–ով և դարձել 216596։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 մարդ, կատարվել է 988086 թեստավորում, առողջացել են վարակվածներից 199115-ը: Գրանցվել է մահվան 4128 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 1020 է։

 

  • Կիսվել: