ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես չգտա որևէ ապացույց, որ մեքենաների նվիրատվությունը կոռուպցիոն գործարք է, հետևաբար քաղաքապետի հրաժարականի պահանջն անհիմն է. Լենա Նազարյան

Ես չգտա որևէ ապացույց, որ մեքենաների նվիրատվությունը կոռուպցիոն գործարք է, հետևաբար քաղաքապետի հրաժարականի պահանջն անհիմն է. Լենա Նազարյան

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը չի կարծում, թե Երևանի քաղաքապետարանին «Կամազներ» նվիրաբերելու գործընթացը փակ է եղել:

PrimeNews.am-ի հետ զրույցում Լենա Նազարյանն ասաց, որ այդ ամբողջ գործընթացը բաց է եղել, թափանցիկ, և ավելին, առաջիկայում սպասվում էր պաշտոնապես շնորհակալագրեր հանձնել նվիրաբերողներին: «Երևանի քաղաքապետարանը հրապարակել է բոլոր նվիրատուների ցանկը և անգամ պատրաստվում էին հանրային միջոցառում կազմակերպել ու շնորհակալագրեր հանձնեին այդ անձանց: Հրապարակվել են նաև այդ նվիրատու ընկերությունների ստացած շինարարական թույտվությունները: Եվ հիմա բոլորը կարող են համեմատել ու վերլուծել նվիրատվության և շինթույլտվության փոխկապակցվածությունը և պատասխանել ընդամենը մեկ հարցի՝ արդյոք այդ ընկերությունները կստանային այդ թույլտվությունները, եթե քաղաքապետարանին չնվիրեին մեքենաներ: Եվ այո, կստանային, ինչպես որ ստացել են մյուս՝ նվիրատվություն չարած շինարարական ընկերությունները, քանի որ նրանց պահանջը օրինական էր», - մեզ հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով Երևանի քաղաքապետարանին «Կամազ» մակնիշի մեքենաներ նվիրելու շուջ ստեղծված աղմուկը:

Քաղաքապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը Նազարյանին հիշեցնում է 2017 թվականը, երբ Երևանի ավագանու նախկին անդամ, իր գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ դատական հայց էին ներկայացրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևան» հիմնադրամի դեմ՝ պահանջելով բացահայտել հիմնադրամի նվիրատուների ցուցակը:

«Մենք ունեինք կասկածներ, որ այդ նվիրատվություններն անշահախնդիր չէին և որ դրա դիմաց նվիրատուները տարբեր ժամանակներում առաջնահերթություններ, արտոնություններ կամ թույլտվություններ էին ստանում քաղաքապետարանից: Դատարանը մերժեց տեղեկություն ստանալու մեր հայցը: Հեղափոխությունից հետո էլ ԱԱԾ-ն առգրավեց հիմնադրամի փաստաթղթերը և հետագա ընթացքի մասին այս պահին տեղյակ չեմ: Այդ տեղեկությունները, կարելի է ասել, մինչև հիմա էլ չեն հանրայնացվել: Այդ ժամանակ մենք որպես խնդիր դիտարկում էինք ոչ թե նվիրատվության փաստը, այլ՝ նվիրատվության գաղտնիությունը և դրա դիմաց ինչ որ բան ստանալու հնարավոր փոխկապակցվածությունը: Մենք չունեինք տեղեկություն, որպեսզի համեմատելու միջոցով վերլուծեինք, թե ի՞նչ է նախորդել կամ հետևել այդ նվիրատվություններին: Մինչդեռ «Կամազների» հետ կապված ամբողջ տեղեկությունը բաց է և հասանելի», - նշեց Լենա Նազարյանը:

Նա համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների հետ առնչություն ունեցող ընկերության ու Երևանի քաղաքապետարանի միջև կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել: Ըստ Նազարյանի, կոռուպցիոն գործարք կարելի է անվանել այն գործարքը, երբ մեքենաների փոխանակումը տեղի է ունեցել անօրինական թույլտվության դիմաց: «Ես չգտա որևէ ապացույց, որ մեքենաների նվիրատվությունը կոռուպցիոն գործարք է, հետևապես քաղաքապետի հրաժարականի պահանջն անհիմն է»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Իսկ եթե նվիրատվությունը կամավոր չէ, ապա, Նազարյանի խոսքով, նվիրատու ընկերությունները, հիմա տեսնելով, որ մյուսների օրինական հասանելիքը տրվել է առանց նվերների, պետք է խոսեն դրա մասին, ինչը կարող է դառնալ քննության առարկա: «Ես հստակ տեսնում եմ, որ քաղաքապետարանը որևէ բան թաքցնելու միտում չի ունեցել, սակայն պարզ է, որ ինչպես պարգևավճարների տրամադրման, այնպես էլ նվիրատվությունների ընդունման գործուն, մշակված, ընդունված կանոնակարգ չի եղել: Կանոնակարգումներ չեն եղել, որովհետև ոչ մեկը նախկինում չի ցանկացել, որ այդ հարցերը թափանցիկ ու արդար կերպով տեղի ունենան: Կարծում եմ` այս դեպքով բացահայտվեց այդ խնդիրը, և քաղաքապետարանը պետք է մշակի նվերների ընդունման և դրա մասին հրապարակային իր կայքում հայտարարագրելու ընթացակարգ», - հավելեց Լենա Նազարյանը:

  • Կիսվել: