շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ես չեմ կարող և չեմ ուզում դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս. Տեր Արամ

Ես չեմ կարող և չեմ ուզում դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս. Տեր Արամ

Ես չեմ կարող և չեմ ուզում դառնալ Ամենայն Հայոց Կաթողիկոս, քանի որ ինձ հոգեպես բավականաչափ մաքուր չեմ համարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ քահանա Տեր Արամ Ասատրյանը:

՛՛Ավելին, ես ամուսնացած եմ և չունեմ ընտանիքս թողնելու մտադրություն կաթողիկոսի պաշտոնի համար՛՛,-հավելել է նա:

Խոսելով Կաթողիկոսի մասին՝ նա նշել է. ՛՛Ես կարծում եմ, որ Կաթողիկոսն ընտանիք չունի, և կարծում եմ, որ Մայր Աթոռը կհերքի սա, և պետք է հերքի՛՛:

Տեր Արամը վստահեցրեց, որ չի ցանկանում, որ իրադարձությունները քաղաքականացվեն, քանի որ, իր խոսքերով, ամեն ինչ արվում է Եկեղեցու բարելավման համար.  ՛՛Մենք պետք է Եկեղեցին սիրենք ավելի շատ, քան այն անհատին, որը խանգարում է Եկեղեցու բնականոն գործունեությանը՛՛:

Տեր Արամը նաև խոստովանեց, որ կապեր ունի ՀՀ վարչապետի ընտանիքի հետ:

՛՛Ես թշնամիներ չեմ փնտրել Եկեղեցում։ Եթե նրանք ինձ Հուդա են անվանում, ապա ո՞վ է Քրիստոսը այս ամենում։ Դուք ասում եք, որ Եկեղեցում կա մեկը, ով մեղքեր չի գործում։ Դուք ասում եք, որ Կաթողիկոսը սխալներ չի՞ գործում։ Նրանք իրենք գիտեն, որ սխալներ են գործում։ Եթե մեղք կա, ուրեմն կա նաև անարդարություն։ Ո՞ւմ դեմ եմ մեղանչել։ Եկեղեցու՞, թե՞ անհատի դեմ՛՛,-ասաց նա։

Քահանան ընդգծեց նաև, որ այս ամենը սկսվել էր դեռևս Նիկոլ Փաշինյանի կողմից Եկեղեցու մասին խոսելուց առաջ։

՛՛Ինչո՞ւ են այս ընթացքում սրվել նվաստացումներն ու պատիժները։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե նրան, թե երբ և ինչպես է Նիկոլ Փաշինյանը բարձրացրել խնդիրը, այլ նրան, թե ինչ է նա ասել։ Մի՞թե չեմ կարող բարձրացնել իմ ձայնը և տեղեկացնել ժողովրդին որպես Եկեղեցու մաս, այն բանից հետո, երբ փորձեցի կապվել հոգևորականների հետ, ովքեր հրաժարվեցին լուծել իմ բարձրացրած խնդիրները։

Ես իմ խնդիրը ներկայացրի Կաթողիկոսին, և նա ասաց, որ իմ բոլոր խնդիրները լուծվել են։ Նրա խոսքերը պետք է հաշվի առնվեին, և ես ներողություն խնդրեցի, բայց Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անտեսեց կաթողիկոսի խոսքերը։ Ինձ պատիժ նշանակվեց, և դա ինձ վիրավորեց։ Ես գրավոր նախազգուշացումներ ստացա, այդ թվում՝ մեկ ամսով կարգալույծ անելու, ծեսեր կատարելու արգելքի սպառնալիքներ և այլն։ Ամբողջ աղմուկը ոչ թե խնդրի առկայության մասին է, այլ այն փաստի, որ ես բարձրացրել եմ այդ հարցը՛՛,-ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տեր Արամի հայտարարությունների հիման վրա ՛՛Իրազեկ քաղաքացիների միություն՛՛ կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, որը հանգեցրել է հոգևորականների ձերբակալությունների:

  • Կիսվել: