Ես չեմ հասկանում՝ էս մտածողությունը որտեղի՞ց․ փողը տալիս ենք, արդյունքի հետևից պիտի գնանք․ Փաշինյան
Հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստաալիքները պարտավոր են իրեն ցեթերի առնվազն 20%-ը ապահովել հանրօգուտ կոնտենտով: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին կառավարության նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով, Արդյունքում որոշում կայացվեց, որ կառավարությանն առաջարկվի ստեղծել հիմնադրամ, որը կկարողանա դրամաշնորհների միջոցով խրախուսել հանրօգուտ կոնտենտի հեռարձակումը հանրային մուլտիպլեքսի տարածքում։ «Հանրօգուտ կոնտենտը մշակութային, կրթական, ուսումնական, գիտական բաղադրիչ ունեցող եթերի հեռարձակումն է»,-ասդաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Մեզ համար կամ հիմնադրամի համար նշանակություն ունենալո՞ւ է՝ այդ կոնտենտը նայող կա, թե չկա»։
Նախարարը դրական պատասխան տվեց, սակայն հավելեց. «Մյուս կողմից շատ կարևոր արձանագրում կա, որ ընդհանրապես աշխարհում, երբ մենք խոսում ենք հանրօգուտ կոնտենտի մասին, այդտեղ առաջնայինը ռեյտինգը չէ, որովհետև որպես կանոն հանրության համար, պետության համար չափազանց կարևոր է ոչ թե ելնել պոպուլյարությունից, օրինակ, տարատեսակ սերիալները կարող են միլիոնավոր դիտումներ ունենալ, այլ պետական նարատիվների տեսանկյունից պետության համար առաջնահերթ համարվող թեմատիկ բովանդակությամբ սնուցել հեռուստադիտողին»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Բա էդ եմ ասում՝ հեռուստադիտողին, բա ասում եք՝ պիտի էական չլինի Այսինքն ես չեմ հասկանում այս մտածողությունը որտեղի՞ց է գալիս, որ ասում են՝ եկեք ներկայացում բեմադրենք, ոչինչ թող մարդ չգա նայի: Կարևորն այն է, որ դա շատ հանրօգուտ և բարձր մշակութային բան է: Ժողովուրդ ջան, մարդու համար է այդ ամեն ինչը: Կներեք, համաձայն չեմ ձեզ հետ: Դուք նշեցիք գիտական կոնտենտ, այսօր YouTube-ում գիտական բովանդակությամբ նյութեր կան, միլիոնավոր դիտումներ ունեն։ Այդ երբվանի՞ց է, որ մարզականը չի հետաքրքրում մարդկանց։ Մշակութային կոնտենտ կա, միլիոնավոր դիտումներ ունեն։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը։ Բա փողը տալիս ենք, արդյունքի հետևից պետք է գնանք: Եթե մարդ չի նայելու, դա փողի վատնում է»: