Երկու տղամարդ անհետ կորած են. Գեղարքունիքի մարզպետը՝ Ճամբարակում պայթյունի հետևանքների մասին
Երկու տղամարդ անհետ կորած են: Որոնողական և մաքրման աշխատանքներ են իրականացվում ՓԾ-ի գործընկերների կողմից: Ամբողջ շենքը տարհանված է, շենքում որևէ մարդ չկա: Այդ մասին Ճամբարակում՝ պայթյունի վայրում գտնվող «Լուրերի» թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Ունենք երեք մահացած, երեքն էլ կանայք են, տարիքները՝ մի կինը՝ 1935 թվականին ծնված, մյուսը՝ 1937 թվականին, երրորդը՝ 1949 թվականին ծնված»,- նշեց մարզպետը:
Նա հայտնեց, որ մարզպետի աշխատակազմից, Ճամբարակի համայնքապետարանից ժամը 10-ից արդեն իսկ ստեղծված է աշխատանքային խումբ, որը կարիքների գնահատում է իրականացնում, նախահաշվառում, թե քանի ընտանիք էր բնակվում շենքում, ընտանիքի անդամների քանակը, և կարիքների գնահատում է իրականացնում, թե այս պահին և առաջիկա ժամանակներում ինչպիսի կարիքներ են ունենալու, որպեսզի հնարավոր լինի համակարգված իրենց կարիքները հոգալ:
«Գնահատումները անելուց, վերջացնելուց հետո կներկայացնենք ՆԳՆ-ին և ՏԿԵՆ-ի գործընկերներին: Գնահատումը ներկայացնելուց հետո որոշում կկայացվի, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացվելու, ինչ աջակցություն է տրամադրվելու բնակիչներին»,- ասաց Կարեն Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ բնակիչների՝ ցանկություն հայտնելու պարագայում հնարավոր կլինի իրենց բոլորի առաջիկա օրերին բնակության հարցը կարգավորել: