հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Երկնքում զգում ես՝ կյանքդ բառի բուն իմաստով քո ձեռքերում է»․ Դիանա Սահակյան՝ բժիշկը, որ դարձավ Հայաստանի առաջին կին օդաչուն

«Երկնքում զգում ես՝ կյանքդ բառի բուն իմաստով քո ձեռքերում է»․ Դիանա Սահակյան՝ բժիշկը, որ դարձավ Հայաստանի առաջին կին օդաչուն

Երազանքին հասնելու համար Դիանա Սահակյանն ընկերների հետ ինքնաթիռ գնեց ու սեփական ձեռքերով հարթեց դրա համար նախատեսված թռիչքուղին։ Կոպիտ գրունտի մեջ խրվող ամեն դրոշակի հետ Դիանան ամրացնում էր իր որոշումը՝ զգալ երկնքի անսահմանությունը։ Երազանիքի իրականացմանը Դիանան երբեք չի կասկածել, որովհետև վստահ է՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը։

«Էքստրիմն իմ կյանքում միշտ է եղել․ 12 տարի զբաղվել եմ լեռնագնացությամբ, Արարատն ու Կազբեկն եմ բարձրացել, թռել եմ պարաշյուտով ու պարապլանով, բայց երազանքս դեռ մանկուց ուղղաթիռն էր»,– ասում է 34–ամյա Դիանա Սահակյանը՝ Հայաստանի առաջին կին օդաչուն, որը մասնավոր թռիչքների իրականացման լիցենզիա ունի։ 

Դիանա Սահակյանի հայրը օդաչու է, մայրը՝ բժիշկ, պապը՝ Լևոն Սահակյանը, Արցախի առաջին օդանավակայանի հիմնադիրն ու հրամանատարն էր։ Ասում է՝ թռիչքն ու երազանքը Սահակյանների գենետիկ առանձնահատկությունն են:

«Հայրս Արցախի առաջին օդանավակայանում է մեծացել ու միշտ ասում է, որ կյանքում երկու երազանք է ունեցել՝ դառնալ օդաչու և ամուսնանալ մորս հետ․ նրանք դասընկերներ են եղել։ Հորեղբայրս և նրա որդին ևս օդաչու են։ Ես և եղբայրս էլ երազում էինք թռչելու մասին, սակայն նրան խանգարեցին տեսողության խնդիրները, ինձ՝ կարծրատիպը, թե դա կանացի գործ չէ։ 

7-րդ դասարանում էի, երբ հորս ասացի, որ ուզում եմ ուղղաթիռ վարել։ Հայրս այդ ժամանակ Աֆրիկայում էր աշխատում և մի շատ հայտնի կին գործընկերուհի ուներ՝ օդաչու։ Նրա օրինակով հայրս ասում էր, որ նա շատ լավ օդաչու է, բայց այդ մասնագիտությունը համադրելի չէ մայրության հետ»,– հիշում է Դիանան։

Այդպես մասնագիտության ընտրության հարցում որոշումը կայացվեց հօգուտ բժշկության։ Ճառագայթաբանությունը դարձավ այն ոլորտը, որտեղ Դիանան պատրաստ էր նվաճելու բոլոր գագաթները։ Ուսանողական տարիներին չթողեց սպորտն ու էքստրիմը, սակայն տարիներ անց աշխատանքն այլևս ժամանակ չէր թողնում այլ բանի համար:

«Մի օր ես ուղղակի նկատեցի, որ աշխատանքս, որքան էլ սիրելի և կարևոր լինի, զբաղեցնում է ժամանակիս գրեթե 100%-ը։ Եվ երբ հնարավորություն ստեղծվեց, ի վերջո, իրականացնելու երազանքս, ես միանգամից համաձայնեցի․ ընտանիքիս և ընկերներիս հետ միացանք ու 2019 թ․ գնեցինք մեր փոքրիկ ինքնաթիռը։ 

Թռիչքուղի չունեինք, և մեր ինքնաթիռի համար սարքեցինք հատուկ թռիչքուղի՝ Եղվարդում․ մեր ձեռքով էինք հարթեցնում ու գրունտի մեջ խրում փոքր դրոշակները։ Ասում են՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը։ Երևի հենց այդպես էլ կա, որովհետև արդեն ամիսներ անց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարեց օդաչուների սիրողական դասընթացի մասին, որին և մասնակցեցի»,– հիշում է նա։

Տեսական դասերի համար ընդամենը 104 ժամ էր նախատեսված․ ուսումնասիրում էին ամեն ինչ՝ օռնիթոլոգիայից մինչև հոգեբանություն և աերոդինամիկա։ Դիանան ասում է՝ այս իմաստով բժկությունն ու օդաչուի մասնագիտությունը շատ ընդհանրություններ ունեն․ երկուսն էլ շարունակական ինքնակրթություն և աշխատասիրություն են պահանջում։ Մնացյալը, ինչպես Դիանան է ասում, ցանկության հարց է։ 

Դիանան ասում է, որ ճառագայթաբանությունը՝ որպես դիագնոստիկ ոլորտ, ամենաբարդերից է։ Դիագնոստիկայով զբաղվող բժիշկը պետք է գաղափար ունենա ամեն ինչից, նույնը և օդաչուն։ Առաջին հայացքից դրա հետ կապ չունեցող գիտությունները կարող են ճակատագրական նշանակություն ունենալ թռիչքի ժամանակ․ 

«Բժշկության մեջ, սակայն, ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում․ ուսումնառության 104 ժամից հետո ձեզ հաստատ թույլ չեն տա վիրահատել, իսկ երկնքում դու հստակ գիտակցում ես՝ կյանքդ բառի  բուն իմաստով քո ձեռքերում է: Ռիսկերն այս երկու ոլորտներում էլ շատ են, բայց ինքնաթիռն ինձ համար դարձավ էներգիայի վերականգնման, հոգեկան բավարարվածության աղբյուր, որովհետև այնպես է ստացվել, որ ՄՌՏ հետազոտությունն անելուց հետո, առաջինը, ով մարդկանց ասում է իրենց մահացու ախտորոշման մասին, հենց ես եմ լինում, իսկ դա, հավատացեք, հոգեբանորեն չափազանց ծանր է։ Օդում ես, կարծես, բարձրից եմ նայում բոլոր հոգսերին ու խնդիրներին»,– ասում է Դիանան։ 

Հիշում է 2020–ին առաջին թռիչքը, որի զգացողությունը երբեք չի մոռանա․ իհարկե, թռիչքը մարզչի հետ էր, բայց, միևնույնն է, ոչ մի բանի հետ չի համեմատի քամու զգացողությունը մաշկի վրա։ Վախը ևս կար, այն օգնում է խուսափելու չմտածված քայլերից, հաշվարկել յուրաքանչյուր հաջորդ շարժումը, սակայն Դիանան վստահ է՝ չի կարելի թույլ տալ, որ վախը կառավարի:

«Վախենալ պետք չէ, ուղղակի պետք է հիշել, որ դու պատասխանատու ես ոչ միայն քո, այլև ինքնաթիռում և դրա տակ՝ երկրի վրա, գտնվող մարդկանց կյանքի համար։ Պետք է կարողանաս արագ և հավասարակշռված որոշումներ կայացնել, գնահատել ռիսկերը։ Վախը ստիպում է կանգնել մի տեղում ու առաջ չշարժվել․ եթե ուզում ես հասնել նպատակիդ, պետք է սովորես կառավարել վախերդ։ Կյանքը մեկ անգամ է տրվում, պետք է հասցնել վայելել այն»,– ասում է նա։ 

Թռիչքներին որոշ ժամանակով խանգարեց համավարակը, բայց երբ դրանք արդեն հնարավոր էին, Դիանան ամեն օր արթնանում էր ժամը 4։00-ին, մարզվում, նախապատրաստում ինքնաթիռն ու հիվանդանոց աշխատանքի գնալուց առաջ ամեն նոր օրը սկսում թռիչքով։ 

Տեսական և գործնական դասընթացներից հետո Դիանան դիմեց լիցենզավորման համար, անցավ բժշկական հետազոտությունները, հանձնեց քննություններն ու դարձավ Հայաստանի առաջին կին օդաչուն։ Հիշում է՝ ոգևորված էր ոչ միայն ինքը, այլև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակիցները։ Նրանց համար ևս երկնքում կին տեսնելը հրաշքի պես բան էր։ Քաղավիացիայի կոմիտեում աշխատող կանայք այնքան ոգևորված էին, որ ընկերակցում էին նրան՝ թռիչքների ժամանակ։ Դիանայից քիչ ժամանակ անց թռիչքներ իրականացնելու լիցենզիա ստացավ ևս մեկ կին։ Դժվարը սկիզբն էր։

Վերջերս Դիանան ընտանիքի հետ նոր ինքնաթիռ է գնել` Cessna 182 մոդելի, թռիչքուղու համար հարմար տարածք են փնտրում ու զբաղվում փոքր ավիացիայի ոլորտում օրենսդրական բարեփոխումների առաջարկի վրա, որը թույլ կտա զարգացնել սիրողական թռիչքների դպրոցը:

«Ցավոք սրտի, ավիացիայում ցանկացած օրենք գրված է արյունով, այդպես է ստացվել։ Հիմա մենք փորձում ենք չշտապել, գնահատել բոլոր ռիսկերը, կշռադատել ցանկացած փոփոխություն, այդ իսկ պատճառով ուսումնասիրում ենք արտասահմանյան փորձը՝ այս ոլորտը հնարավորինս սահուն, «տուրբուլենտության գոտիներից» խուսափելով զարգացնելու համար: Ոչ ոք հողաթափերով Էվերեստ չի բարձրացել։ Հիմա մենք պատրաստվում ենք՝ այս բարձունքը հաղթահարելու համար»,– ասում է նա։

Դիանան հիմա գիտի՝ կնոջ համար ոչ մի անհնարին բան չկա, անգամ՝ օդաչու դառնալը։ Այսօր անգամ ֆիզիկական շատ ուժ պետք չէ «թռչող մեքենան» օդ բարձրացնելու և կառավարելու համար։ Թռիչքների երկրորդ դադարը մայրության շրջանում էր․ այսօր Դիանան մեծացնում է 9 ամսական որդուն, բայց ամեն օր երազում է նոր թռիչքի մասին, որն արդեն շուտով հնարավոր կլինի։ Ընտանիքն այս հարցում միշտ իր կողքին է, ոչ միայն ոգևորում են, այլև գործնականում աջակցում, որ Դիանայի երազանքն իրականանա․ 

«Կին կամ մայր լինելը չի խանգարում։ Ավելին, երեխայի ծնունդից հետո փոխվում է կյանքի արժևորման կերպը։ Ավելի զգոն ու ուշադիր ես լինում։ Բայց դա չի կարող երազանքից հրաժարվելու պատճառ դառնալ։ Ես վստահ եմ՝ շուտով ինքնաթիռում ինձ կմիանա նաև որդիս»,– ասում է Դիանան։

Աղբյուրը՝ daphnearmenia.com

  • Կիսվել: