չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երկարաձգվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը

Երկարաձգվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվում է մինչ հուլիսի 5-ը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեդիայի և հաղորդակցության բաժնից, ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հովանավարությամբ և նպատակ ունի ձևավորել հայ երիտասարդների դինամիկ ցանց, որի մասնակիցները կդառնան հայրենիքի ներկայացուցիչներն իրենց համայնքներում:

Ըստ աղբյուրի՝ ծրագրին կմասնակցեն 25 սփյուռքահայ երիտասարդներ, այն կտևի 1 տարի, որից 2 շաբաթը մասնակիցները ֆիզիկապես կլինեն Հայաստանում:

Ծրագիրն ունի տեսական և գործնական բնույթ, ինչպես նաև նախատեսվում են տարաբնույթ այցեր և հանդիպումներ:  Ծրագրի ավարտին կկազմակերպվի Երիտասարդական ֆորում, որի ընթացքում կպատրաստվի երիտասարդական  քաղաքականության փաստաթուղթ՝ սփյուռքի համայնքների և հայրենիքի միջև կայուն համագործակցություն ձևավորելու համար:

«Ծրագրի դիմորդները կարող են լինել 22-35 տարեկան սփյուռքահայ այն երիտասարդները, ովքեր առնվազն 5 տարի բնակվում են սփյուռքում, սփյուռքի հայկական համայնքների ակտիվ և ներկայացուցչական անդամներ են, տիրապետում են հայերենին, ցանկություն ունեն ներդրում ունենալու Հայաստանի շահերն առաջ տանելու, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններն ամրապնդելու գործում, ունեն մեդիա կոնտենտ գրելու փորձառություն (ցանկալի է)։

Հայտադիմումները կընդունվեն մինչ հուլիսի 5-ը:

Հայտը լրացնելու և ավելի մանրամասն տեղեկատվության համար այցելեք հղմամբ՝ http://diaspora.gov.am/hy/programs/19/Diaspora-Youth-Ambassador»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: