հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Հայաստանը գտնվում է պատմական շրջադարձային փուլում՝ միաժամանակ բախվելով բազմաթիվ լուրջ մարտահրավերների. Ճապոնիայի դեսպան

Հայաստանը գտնվում է պատմական շրջադարձային փուլում՝ միաժամանակ բախվելով բազմաթիվ լուրջ մարտահրավերների. Ճապոնիայի դեսպան

«Հայաստանն այժմ գտնվում է պատմական շրջադարձային փուլում՝ միաժամանակ բախվելով բազմաթիվ լուրջ մարտահրավերների»։ Այս մասին «Օրբելի» կենտրոնին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Աոկի Յուտական՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ մարտահրավերներ ու հնարավորություններ է տեսնում Ճապոնիան տարածաշրջանում, և ի՞նչ ռազմավարական շահեր ունի այստեղ։

«Նախ թույլ տվեք համառոտ բացատրել, թե ինչպես է Ճապոնիան ընդհանուր առմամբ ընկալում Հարավային Կովկասի երեք երկրները։ Կարծում եմ՝ դա կարող է օգնել ավելի պարզ դարձնելու իմ մեկնաբանությունը։

Աշխարհաքաղաքական առումով Հայաստանը շրջապատված է երեք մեծ ուժերով՝ Ռուսաստան, Իրան և Թուրքիա։ Ճապոնիան հասկանում է, որ այդ երկրներն ունեն շատ բարդ պատմական անցյալ։ Այս համատեքստում մենք իրատեսական և հասկանալի ենք համարում Հայաստանի՝ որպես անկախ պետություն կայանալու որոշումը՝ կայացված 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, և անվտանգության հարցում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու ջանքերը։

2018 թվականին հայ ժողովուրդն իրականացրեց այն, ինչ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն։ Այդուհետ նոր կառավարությունն աշխատում է ավելի ժողովրդավարական և թափանցիկ պետություն դառնալու ուղղությամբ։ 2020 և 2023 թվականների Լեռնային Ղարաբաղի հակամարտություններից հետո Հայաստանը նաև փորձում է դիվերսիֆիկացնել իր անվտանգային կապերն ու փնտրում է նոր գործընկերներ։ Սա է իրավիճակի մեր հիմնական ըմբռնումը։

Մենք նաև գիտակցում ենք, որ Հայաստանն այժմ գտնվում է պատմական շրջադարձային փուլում՝ միաժամանակ բախվելով բազմաթիվ լուրջ մարտահրավերների։

Այս համատեքստում, Ճապոնիան, ինչպես շատ արևմտյան երկրներ, ընդլայնում է իր աջակցությունը Հայաստանին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներին: Օրինակ՝ 2023 թվականին, իր մարդասիրական օգնության առաջին փուլի շրջանակներում, Ճապոնիան 1 միլիոն ԱՄՆ դոլար հատկացրեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ փախստականների առաջնահերթ կարիքները բավարարելու համար, ինչպիսիք են կացարանը և սնունդը։

Այժմ, որպես երկրորդ փուլ, Ճապոնիան ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ աշխատում է մոտավորապես 3 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագծի վրա, որի նպատակն է զարգացնել սոցիալական ենթակառուցվածքներն ինչպես փախստականների, այնպես էլ ընդունող համայնքների համար»,–ասել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանը։

  • Կիսվել: