ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երիտասարդ Ինեսսայի անուշահամ չրերը արդեն հասցրել են գերել թե հայ, թե օտարերկրացի սպառողի սրտերը

Երիտասարդ Ինեսսայի անուշահամ չրերը արդեն հասցրել են գերել թե հայ, թե օտարերկրացի սպառողի սրտերը

29-ամյա Ինեսսա Հակոբյանը, չնայած երիտասարդ տարիքին, զբաղվածությանը ընտանիքում և աշխատավայրում, որոշել է փորձել իրեն նոր ասպարեզներում՝ բնատուր հմտությունները և հոբբին վերածելով փոքրիկ բիզնեսի։

Ինեսսան տարատեսակ մրգերից և բանջարեղենից պատրաստում է էկոլոգիապես մաքուր չիփսեր, ֆրիպսներ, սնեքեր։

Ինեսսան պատմում է, որ դեռ պատանեկան տարիքից է հետաքրքրվել խոհանոցով, պատրաստել տարատեսակ ուտեստներ, ընտանիքի անդամներին հաճախ զարմացրել իր խոհարարական հմտություններով։ Չրեր պատրաստել սովորել է մայրիկից՝ դեռ մանուկ ժամանակից իրենց այգու բերքն ու բարիքը վերածելով անուշահամ և օգտակար քաղցրավենիքի։ Հետո սեփական փորձարկումների միջոցով կատարելագործել է տեխնոլոգիան, ստանալով նաև ոչ ավանդական մրգատեսակներից պատրաստված չրեղեն։

Нет описания.

Սակայն ավանդական մեթոդներով չիր պատրաստելով հնարավոր չէր ապահովել արտադրական ծավալներ, նոր տեխնոլոգիաներ էին պետք։ Եվ Ինեսսան իր վաղեմի երազանքին հասնելու՝ սեփական փոքրիկ չորանոցն ունենալու համար գնաց իր համար մեծ ռիսկի՝ ներգրավելով վարկային միջոցներ։ Իր փոքրիկ բիզնեսը հիմնելու ճանապարհը Ինեսսան անցավ միայնակ, հարազատները առանձնապես ոգևորված չէին նրա նախաձեռնությամբ, մեծ ռիսկեր էին տեսնում։ Սակայն դա չընկճեց երիտասարդ կնոջը, նա չհանձնվեց՝ աշխատասիրությունը, համառությունն ու անկոտրում կամքը տվեցին իրենց արդյունքը։

Нет описания.

Ինեսսայի փոքրիկ արտադրամասում պատրաստված հատընտիր, էկոլոգիապես մաքուր և օգտակար մրգային ֆրիպսները, սնեքերը և չիպսերը արդեն բավականին սիրվել են հայ սպառողի կողմից։ Հետաքրքիրն այն է, որ Իննեսայի անուշաբույր չրերը մեծ հետաքրքրություն են վայելում նաև Հայաստան եկած տարբեր ազգությունների զբոսաշրջիկների և րելոկանտների շրջանում։ Ինեսսայի չրերը առանձնանում են նրանով, որ պատրաստվում են հատուկ ջերմաստիճանով, ինչի շնորհիվ պահպանվում են մրգերի և բաջարեղենի օգտակար հատկություններն ու վիտամինները և ամենակարևորը՝ չեն պարունակում շաքար, գունանյութեր և այլ հավելումներ: Այդ իսկ պատճառով՝ դրանք լավագույն ընտրությունն են դիաբետիկների, քաշի դեմ պայքարողների և երեխաների համար: Անշուշտ սպառողը չէր կարող չգնահատել դա։

Ինեսսան ասում է, որ իր աշխատանքի արդյունքները արդեն տեսնում է, բիզնեսը իրեն սկսել է արդարացնել, իսկ ապագայում՝ շուկայում ավելի մեծ տարածում ձեռք բերելու շնորհիվ արդեն կտեսնի նաև առաջին եկամուտը։ Մինչ շատերը դժգոհում են աշխատանք չունենալու պատճառով, երիտասարդ Ինեսսան համատեղում է աշխատանքը պետական սեկտորում իր փոքրիկ բիզնեսի հետ, բնական է՝ ուշադրության կենտրոնում պահելով նաև ընտանիքը։ Ճիշտ է դժվար է՝ գիշեր ցերեկ անտրտունջ աշխատանք է պահանջում այդ ամենը, բայց Ինեսսան վստահ է՝ միայն անձնուրաց աշխատանքի մեջ է հաջողության գրավականը, ոչինչ չանելով և բողոքելով ոչինչի չես հասնի։

  • Կիսվել: