Երևանում թուրքական համարանիշներով բեռնատարը բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա տապալել էլեկտրասյունը, փլուզել բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:15-ի սահմաններում թուրքական համարանիշներով «Mercedes» մակնիշի բեռնատարը Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհի մոտ՝ Դեֆանս նորակառույց թաղամասի հարևանությամբ, բախվել է մեկ այլ բեռնատարի, ապա առաջ ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, կոտրել երկաթե էլեկտրասյունը, ապա բնակչի տան քարե պարիսպը և հայտնվել մայթին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 1 հոգի վիրավորվել է։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների ինքնությունը։
Ճշտվում է տեղեկությունը, արդյոք վթարի հետևանքով քաղաքացին կամ քաղաքացիներ բուժօգնություն ստացել են, թե ոչ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում պետք է Պարեկային ծառայության կողմից իրականացվեր անվտանգության պահպանումը, սակայն գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի սխալ աշխատանքի արդյունքում ավելի քան 6 ժամ ոչ մի պարեկ չի եղել, և այդ մասին տեղեկանալով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանի խիստ հանձնարարականով պարեկները ժամանել են։



