Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Acura-ն. կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:35-ի սահմաններում, Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 8 շենքի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, ճակատ-ճակատի բախվել են BMW-750 և Acura մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ, վիրավորներից մեկն էլ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Փրկարարները վիրավորներին ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների հետ ավտոմեքենաներին են մոտեցրել պատգարակներով: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Միրզախանյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: